Գանձաքարում կիսակառույցի խնդիր կլուծվի - 25 Հոկտեմբերի 2021 - Հ24
/ Տնտեսական / Գանձաքարում կիսակառույցի խնդիր կլուծվի

Գանձաքարում կիսակառույցի խնդիր կլուծվի

25.10.2021   12:00 30123 Տնտեսական

Երկուսենյականոց կիսակառույց, կոմունալ հարմարությունների բացակայություն, վառարանի ծխից սևացած պատեր, բազմաթիվ հոգսեր և դրանք լուծելու անորոշություն… Իսկանդարյանների հիշողության մեջ վերջին 13 տարում այս պատկերից այն կողմ ուրիշ ոչինչ չկա: Տավուշի մարզի Գանձաքար գյուղում բնակվող ընտանիքը հարմարավետ կյանքի փոխարեն ընտրել է զավակների բարեկեցիկ ապագան ապահովելու ճանապարհը: Ֆինանսական ներդրումներ են կատարվել ոչ թե տան կառուցման, այլ դստեր և որդու բուհական կրթության ապահովման համար: Դա եղել է զավակների և ընտանիքի մոր՝ Նելլի երազանքը, ով ևս բարձրագույն կրթություն ունի:
  
Տարիներ շարունակ արտերկրի ճանապարհն ընտրած երիտասարդ տանտերը՝ Արտակը, արտագնա աշխատանքի արդյունքով կարողացել է իրականացնել իրենց առջև դրված նպատակը: Այժմ զավակների հաջողությամբ հպարտացող ընտանիքը, գտել է նաև կիսակառույցը հարմարավետ տուն դարձնելու ճանապարհը: Այդ հարցում նրանց աջակցելու պատրաստակամություն են հայտնել բնակարանաշինության ծրագրով գործակցող Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Տարիների գործընկերների համակարգված աշխատանքի շնորհիվ հերթական ընտանիքը պատրաստվում է մինչև տարեվերջ բնակարանամուտ նշել: Արտակն արդեն սկսել է շինարարությունը. քարը քարին է դնում ժպիտով և զավակների հետագա կյանքը ևս մեկ աստիճանով ապահով դարձնելու վճռականությամբ: 

«Ձեզ համար կյանքի նոր էջ է բացվում: Փորձեք ամեն ինչ անել, որպեսզի կառուցվող պատերի հետ ամրանա նաև ձեր զավակների լավատեսությունը: Նրանց երիտասարդության տարիների հիշողությունը պետք է ավելի լուսավոր լինի: Գիտեմ, որ, անտեսելով ձեր բարեկեցությունը, հոգացել եք երեխաների բարձրագույն կրթության մասին: Տան կառուցումը հետաձգել եք՝ նրանց ապագայի համար: Այժմ, այս ծրագրի շնորհիվ, կիրականացնեք նաև երկրորդ երազանքը՝ ամուր ու լուսավոր տուն կունենաք: Ձեր կողքին ենք՝ անկախ հեռավորությունից»,- տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Շատ ծանր հոգսեր եմ ունեցել: Դժվար է եղել. տարրական պայմաններ չեն եղել: Փորձել ենք հարմարվել, բայց ամեն ինչ անել, որպեսզի երեխաներս լավ կրթություն ստանան: Կարծես թե մեր երազանքներն սկսում են իրականանալ: Բոլորս ուզում էինք լավ տուն ունենալ: Հիմա արդեն կավելանա ևս երկու ննջասենյակ, կունենանք կոմունալ հարմարություններով ապահովված մեծ տուն»,- ասել է տանտիրուհին՝ Նելլի Ղազարյանը:

Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են 2021թ.  բնակարանաշինության ծրագիրը: Հայաստանի բոլոր մարզերում շինարարական աշխատանքներ են կատարվում: Դրանցում առայժմ կամավորներ չեն ներգրավվում: Հիմնականում աշխատում են ընտանիքները, քանի որ համավարակը ստիպում է զգուշավոր լինել: Ընտանիքներին աջակցելու՝ գործընկերների հետևողականությունը, սակայն, էապես նպաստում է ցանկալի արդյունք արձանագրելուն:  Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 2
    Հյուրեր. 2
    Անդամներ. 0