Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով - 26 Նոյեմբերի 2021 - Հ24
/ Տնտեսական / Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

26.11.2021   12:00 68 Տնտեսական

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է

Վիվա-ՄՏՍ-ը և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» բարեգործական-հասարակական կազմակերպությունն սկսում են համատեղ ծրագիր՝  44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորների մի մասին օրթեզավորելու համար: Գործընկերները նախապատվություն են տվել ծրագիրն իրականացնել ոչ թե ստատիկ, այլ ժամանակակից օրթեզներով: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ձեռք է բերվել Գերմանիայի և Նիդերլանդների առաջատար ընկերությունների արտադրած 100 օրթեզ: Առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: Օրթեզավորման աշխատանքներն իրականացվելու են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում:

Ողնուղեղային, գլխուղեղային, վերին և ստորին վերջույթների վնասվածքով զինվորների վերականգնողական բուժման ժամանակ, հետվնասվածքային բարդությունները կանխելու համար, հաճախ օրթեզավորման կարիք է լինում: Շատերը, չհարմարվելով ստատիկ օրթեզներին, նախընտրում են տեղաշարժվել անվասայլակով, ինչը, սակայն, կարող է առաջացնել երկրորդային առողջական բազմաթիվ խնդիրներ: Ի տարբերություն ստատիկ օրթեզների, ձեռք բերված ժամանակակից օրթեզները, չեն սահմանափակում շարժումները, ծանր չեն, մեխանիկական հոդավորման ու ճիշտ կառուցվածքի շնորհիվ` դինամիկ են և ֆունկցիոնալ: Քայլքի ժամանակ կարող են ճիշտ ֆիքսել հենումները և ապահովել ազատ տեղաշարժը: Ժամանակակից օրթեզները վիրավորում ստացած տղաներին հնարավորություն կտան կենցաղում լինել հնարավորին ինքնուրույն, ֆիզիկապես առավել ինքնավստահ և էականորեն կբարձրացնեն նրանց կյանքի որակը:

«Դժվար է խոսել մի ծրագրի մասին, որի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է պատերազմի հետևանքով: Այնուամենայնիվ, ներկա իրավիճակը պարտավորեցնում է սթափ վերլուծել առկա խնդիրներն ու լուծումներ փնտրել: Կարևոր է վիրավորում ստացած զինվորներին առօրյա կյանքի հուն վերադարձնելը: Տղաները պետք է պահպանեն իրենց ոգու ամրությունը: Նրանք այսօր ունեն են ոչ միայն գործիքային կամ մասնագիտական, այլև՝ հոգեբանական աջակցության կարիք: Այս ծրագրի հիմքում այդ նպատակների ապահովումն է: Ուզում եմ հավատալ, որ մեզ՝ գործընկերներիս, կհաջողվի վերականգնել վիրավորում ստացած երիտասարդների ինքնուրույնությունը: Դա նրանց  կյանքի որակը բարձրացնելու քայլերից մեկն է: Համատեղ ջանքերն անհրաժեշտ են, հոգատարությունը՝ պարտադիր»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Օրթեզավորման ծրագրի շրջանակում իրականացվելու է ոտքի 70 և ձեռքի 30 օրթեզավորում՝ վիրավոր զինվորների համար: Դրանք լինելու են ժամանակակից դինամիկ օրթեզներ, որոնցով տղաներն ավելի ազատ կքայլեն, կենցաղում կլինեն ինքնուրույն: «Զինվորի տանը» կառուցվելու է նաև քայլքի լաբորատորիա, որը հնարավորություն կտա 2D տարբերակով տեսնել և ժամանակին բացահայտել հնարավոր խնդիրները՝ արագ ու արդյունավետ լուծելով դրանք»,- ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Օրթեզավորման հիմնական գործառույթն անատոմիական ճիշտ դիրքի ֆիքսումն է՝ վնասված հոդի և վերջույթների ծանրաբեռնվածության թեթևացման, ֆիքսման, ակտիվացման և ուղղման համար: Այդ ամենը թույլ է տալիս նվազեցնել ողնաշարի և մարմնի բոլոր հոդերի ծանրաբեռնվածությունը, կանխել  մկանային համակարգի գերլարվածությունը: Միաժամանակ, ստորին վերջույթում խնդիրների դեպքում՝ նպաստում են ճիշտ բիոմեխանիկայի վերականգնմանն ու քայլքի ծրագրի առաջընթացին, ինչպես նաև ձեռքերի ֆունկցիոնալության վերականգնմանը:

Վիվա-ՄՏՍ-ի և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» բարեգործական-հասարակական կազմակերպության համատեղ՝ օրթեզավորման ծրագիրն իրականացվելու է ամենատարբեր պրոֆիլի մասնագետների ներգրավմամբ. թիմում ներառված են պրոթեզավորող օրթեզավորող, վերականգնող բժիշկ, ֆիզիոթերապևտ, ասեղնաբույժ, ֆիզիոթերապիստ,  էրգոթերապիստ և հրավիրված այլ նեղ մասնագետներ՝ ըստ ցուցման:

Ծրագրի տևողությունը երեք տարի է: Վիվա-ՄՏՍ-ն այդ նպատակով գործընկեր կազմակերպությանը՝ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» բարեգործական-հասարակական կազմակերպությանը տրամադրել է 120 մլն դրամ:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 3
    Հյուրեր. 3
    Անդամներ. 0