Լուծվել է 16 տարվա վաղեմության խնդիր. կիսակառույցը դարձել է հիշողություն - 8 Սեպտեմբերի 2021 - Հ24
/ Տնտեսական / Լուծվել է 16 տարվա վաղեմության խնդիր. կիսակառույցը դարձել է հիշողություն

Լուծվել է 16 տարվա վաղեմության խնդիր. կիսակառույցը դարձել է հիշողություն

08.09.2021   18:00 52 Տնտեսական

Առանց բաժանարար պատերի՝ երկու սենյակ, կոմունալ հարմարությունների բացակայություն և թշնամու արձակած «Գրադ» կայանքի ականներից ամբողջությամբ վնասված տանիքով՝ գրեթե բաց երկնքի տակ գտնվող կիսակառույց... Շուրջ տասնվեց տարի, այսպիսի պայմաններում է ապրել Տավուշի մարզի Տավուշ գյուղի ընտանիքներից մեկը: Բաբայաններն իհարկե փորձել են բարելավել իրեն գնած կիսակառույցի պայմանները. նախաձեռնել են մասնակի վերանորոգում, ավելացրել հյուրասենյակ, խոհանոց, բաղնիք, սակայն սկսածն ավարտին հասցնել չեն կարողացել: Տարիներ անց էլ, ֆինանսական խնդիրներին ավելացել ևս մեկը. երիտասարդ տանտերը՝ զինվորական Վիլհելմը, 2015 թվականին, ականի պայթյունից կորցրել է ձախ ոտքը: 

Արևի ու անձրևի տակ գտնվող կիսաքանդ շինության քայքայումը կանխվել է: Այն տուն դարձնելու հարցում, երիտասարդ ընտանիքին աջակցել են բնակարանաշինության ծրագիր իրականացնող կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Տարիների գործընկերներին հաջողվել է իրականություն դարձնել ևս մեկ ընտանիքի երազանք: 

«Նախկինում կիսաքանդված տուն էր: Տարիներ առաջ, թշնամու արձակած «Գրադ»-ի արկերից վնասվել էր հարևանի տունն ու մեր կիսակառույցի տանիքը:  Տեղումների ժամանակ, թասեր էինք դնում, բայց անձրևն ու ձյունը տուն էին լցվում: Այժմ ամեն ինչ այլ է. կիսակառույցը տուն է դարձել»,- ասել է տանտերը՝ Վիլհելմ Բաբայանը:

Գալստյանները երկրից հեռանալու և օտար ափերում հացի խնդիր լուծելու հնարավորություն ունեցել են, սակայն դա համարել են վիճակը կարգավորելու՝ ժամանակավոր լուծում: Հայրենի երկրում ապրելը, հող ու ջրին տեր լինելը սկզբունքային հարց է նրանց համար: Այսօր իրենց առջև կարևոր մեկ այլ նպատակ են դրել. բացահայտել երեխաների ներուժն ու հնարավորություն ստեղծել բազմակողմանի զարգանալու, կրթվելու համար: Նոր տունը լավատեսության հիմքեր է տվել նրանց: 

«Երբ մարդն ունենում է վճռականություն և չի կոտրվում կյանքի դժվարություններից` բոլոր նպատակները դառնում են իրագործելի։ Երբ ծանոթացա Ձեր ընտանիքի պատմությանը, նկատեցի, որ ո՛չ տարիների դժվար կյանքը, ո՛չ էլ պատերազմում ոտքը կորցնելը, չեն փոխել Ձեզ։ Ձեր ամրությունը, կամքն ու լավատեսությունը դարձել են լույս և նպաստել երազանքի իրականացմանը։ Ամուր մնացեք, շեն պահեք Ձեր տունն ու հայրենի գյուղը»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ավելի քան տասը տարի բնակարանաշինության ծրագիր իրականացնող կողմերը՝ Վիվա-ՄՏՍ-ն և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», ցանկալի արդյունք են արձանագրում հանրապետության տարբեր մարզերում: Նախորդ տարվա ծրագրով տան տեր դարձած ընտանիքները բնակարանամուտ են նշում, իսկ ընթացիկ տարվա շահառուները պայմանագրեր են կնքում՝ երազանքներն օր առաջ իրականացված տեսնելու ցանկությամբ: Այս տարի նախատեսվում է աջակցել 84 ընտանիքի: Ցանկում կան այնպիսիք, որոնք, հանգամանքների բերումով, ստիպված են տուն կառուցելու դժվարին գործն սկսել երրորդ անգամ:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 3
    Հյուրեր. 3
    Անդամներ. 0