Շարժական «էլեկտրական հովիվները» Եղեգիս համայնքում խոչընդոտ են դարձել արջերի համար - 27 Հունիսի 2023 - Հ24
/ Տնտեսական / Շարժական «էլեկտրական հովիվները» Եղեգիս համայնքում խոչընդոտ են դարձել արջերի համար

Շարժական «էլեկտրական հովիվները» Եղեգիս համայնքում խոչընդոտ են դարձել արջերի համար

27.06.2023   13:05 310 Տնտեսական

Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում սմարթֆոնները ոչ միայն կապի միջոց են, այլև թաքնված տեսախցիկ՝ վայրի կենդանիների անակնկալ այցը ֆիքսելու համար: Ֆերմերների համար սովորական է դարձել տարբեր գյուղերում արջերի անակնկալ հայտնվելը, իսկ բրդոտների համար՝ մարդու միջավայրում սնունդ հայթայթելը: Գյուղացիները գիտակցում են, որ տարիներ առաջ տարբեր հատվածներում իրականացված ծառահատումների, վայրի կենդանիներին ընտելացնելու ոմանց անհաջող փորձերի պատճառով արջերը զրկվել են սնվելու իրենց տարածքից և այժմ փորձում են ներխուժել գյուղեր: Խնդրի կարգավորումը համբերություն, շարունակական ծառատունկեր, արդի տեխնոլոգիաների կիրառում և բնապահպանական  մոտեցմամբ  պայքար է պահանջում:

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ստեղծված խնդիրը փորձում են կարգավորել՝ արևային էներգիայով և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ աշխատող շարժական «էլեկտրական հովիվների» օգնությամբ: Դրանք հեշտությամբ տեղափոխվում են, ապահովում են լոկալ աշխատանք, 10-15 րոպեի ընթացքում թույլ են տալիս ցանկապատել անհրաժեշտ տարածքը և ապամոնտաժվում են կարճ ժամանակահատվածում:

Անսովոր հովիվների աշխատանքին սպասել են հատկապես 12 գյուղ միավորող Եղեգիս խոշորացված համայնքում: Տեղի ֆերմերները վերջին տարիներին ծուռթաթերի հարձակման հետևանքով թե´ մեղվափեթակներ, թե´ խոշոր եղջերավոր կենդանիներ են կորցրել: Եղեգիս համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ  «էլեկտրական հովիվների» ներդրման երկրորդ փուլից հետո նույն տարածքում կենդանիների համար խոչընդոտներ են ստեղծվել: Այնտեղ, որտեղ տեղադրվել են շարժական «էլեկտրական հովիվներ», արդյունք կա:

«Կոնկրետ այս էլեկտրական հովիվը, որը տեղադրված է Հերմոն գյուղի վարչական տարածքում, ծածկում է 1 հա տարածք: Այն կանխում է կենդանիների ներխուժումը և թույլ է տալիս խուսափել հնարավոր վնասներից: Այս տարածքում երեք ֆերմեր 180 մեղվափեթակ է պահում: Կարելի է ասել, որ համակարգն ամբողջ հզորությամբ դեռ չի օգտագործվել»,- ասել է Սամվել Մարտիրոսյանը:

«Այնտեղ, որտեղ տեղադրել ենք շարժական «էլեկտրական հովիվներ», բնությունը շատ հարուստ է, մեղրի առատ բերք է խոստանում: Բայց այստեղ շատ են նաև բեզոարյան այծերն ու արջերը: Այծ որսալու համար տարածք ներխուժող արջերը փորձում են նաև մեղր ուտել: Հիմա արջն արահետով գալիս է ջուր խմելու և անցնում է գետը: Անցյալ օրն այդ արահետով եկել է նաև դեպի մեղվափեթակները: Հասել է մեղուներին, կպել էլեկտրական հովվին ու չի կարողացել ներս մտնել: Հավանաբար զայրացել է անհաջող փորձից ու սկսել է այլ սնունդ փնտրել: Գլորել է մեծ քարեր ու կերել մրջնաբները»,- պատմել է մեղվապահ, ֆերմեր Նորայր Մարտիրոսյանը:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 5
    Հյուրեր. 5
    Անդամներ. 0