Վիվա-ՄՏՍ. գրեթե մեկ միլիարդ դրամի ներդրում՝ բնակարանաշինության համար - 4 Մարտի 2022 - Հ24
/ Տնտեսական / Վիվա-ՄՏՍ. գրեթե մեկ միլիարդ դրամի ներդրում՝ բնակարանաշինության համար

Վիվա-ՄՏՍ. գրեթե մեկ միլիարդ դրամի ներդրում՝ բնակարանաշինության համար

04.03.2022   19:00 43315 Տնտեսական

Արդեն 17 տարի, Վիվա-ՄՏՍ-ն առաջնորդվում է երկրին ու հասարակությանն օգտակար լինելու տրամաբանությամբ: Ընկերություն համար արժեհամակարգ է Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ): Կարևոր են համարվում հատկապես երկարաժամկետ արդյունք տվող ծրագրերը: Դրանցից մեկն էլ Հայաստանի բոլոր մարզերում իրականացվող՝ բնակարանաշինության ծրագիրն է: Ավելի քան տասը տարի,  «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ գործընկերությամբ, հաջողվել է շահառու ընտանիքների թիվը հասցնել մոտ չորս հարյուրի: Այդ նպատակով, Վիվա-ՄՏՍ-ը կատարել է գրեթե մեկ միլիարդ դրամի ներդրում: 

Գործընկեր կազմակերպությունների ղեկավարները հերթական շրջայցով եղել են Արագածոտնի մարզում: Ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում, միայն այս մարզում աջակցություն է ստացել 69 ընտանիք: Զարինջա գյուղում բնակվող Մովսիսյանների ընտանիքը շահառուներից մեկն է, որի նորակառույց տանն էլ հյուրընկալվել են Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները:

«Սովորաբար, ծրագրերի արդյունքը գնահատվում է թվերով և չոր փաստերով: Դա հաշվետվության տեսանելի կողմն է: Կա նաև անչափելի արդյունք. երջանկությունը, որն զգում են տարիների դժվարությունների միջով անցած մարդիկ: Մեզ համար հավասարաչափ կարևոր են երկուսն էլ: Գուցե նաև դա է պատճառը, որ համավարակի ու պատերազմական իրադարձությունների պայմաններում, անգամ, կարողացանք շարունակել ծրագիրը: Երբ կա նպատակ՝ գտնվում են նաև դրան հասնելու ճանապարհները: Այս ծրագիրը երկրին ու մեր հայրենակիցներին օգտակար լինելու ճանապարհներից մեկն է», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ընտանիքների՝ տան կարիքը տարբեր մարզերում շատ տարբեր է լինում: Փորձում ենք հնարավորինս աջակցել բոլոր այն ընտանիքներին, որոնք պատրաստակամ են, անկախ նրանից՝ վագոն-տնակում են ապրում, թե կիսակառույցում: Արդյունքում՝ բոլորն էլ ունենում են պարզ ու հարմարավետ կացարան՝ առնվազն կենցաղային հոգսից ազատված կյանք ապրելու համար»,- ասել է  «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Վահրամի ընտանիքը կիսակառույց է ձեռք բերել դեռ տասը տարի առաջ. հայրական՝ ծանրաբեռնված ընտանիքից առանձնանալու նպատակով: Տան շինարարությունն ավարտելու հույսերը, սակայն,  տարեցտարի նվազել են, հոգսերը՝ շատացել: Երեք տարի առաջ, Վահրամն իր կնոջ ու երկու զավակների հետ տեղափոխվել է բետոնե հատակով ու պատերով, կաթացող տանիքով կիսակառույց և միայն գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ է կարողացել ավարտին հասցնել ձգձգվող շինարարությունը: Արդեն չորս ամիս է, ինչ ընտանիքն ապրում է ջեռուցվող ու հարմարավետ տանը;  

«Մենք աշխատող մարդիկ ենք, ինչպես ասում են՝ քարից հաց քամող, սակայն, ինչքան էլ փորձում էինք տնտեսել ու ծախսել տան շինարարության վրա, ոչ մի կերպ չէր ստացվում: Ձեր օգնությունը եթե չլիներ՝ չգիտեմ, թե քանի տարի երեխաներս բետոնի վրա պիտի մնային, առանց տարրական պայմանների, խոնավ ու ցուրտ պատերի մեջ: Ձեր աջակցությունը մեզ համար շատ կարևոր էր: Շնորհակա՛լ ենք», -ասել է ընտանիքի հայրը՝ Վահրամը:

Ընտանիքներին աջակցելու՝ գործընկերների հետևողականությունը հաստատակամ է: Կողմերը կարևոր են համարում ծրագրի ոչ միայն տեսանելի, այլև ընտանիքների վրա՝ դրա հոգեբանական ազդեցության արդյունքը:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 3
    Հյուրեր. 3
    Անդամներ. 0