Վիվա-ՄՏՍ. հայտարարություն՝ ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի (փոխկապակցված կայքի) տարածած կեղծ տեղեկատվության - 27 Օգոստոսի 2022 - Հ24
/ Տնտեսական / Վիվա-ՄՏՍ. հայտարարություն՝ ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի (փոխկապակցված կայքի) տարածած կեղծ տեղեկատվության

Վիվա-ՄՏՍ. հայտարարություն՝ ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի (փոխկապակցված կայքի) տարածած կեղծ տեղեկատվության

27.08.2022   18:00 81380 Տնտեսական

Վիվա-ՄՏՍ-ը ևս մեկ անգամ ստիպված է արձագանքել «Ժողովուրդ» օրաթերթի (փոխկապակցված կայքի)՝ մերկապարանոց, կեղծ ու անպատասխանատու մեղադրանքներին։

Երկու օր առաջ՝ 25.08.2022-ին, Վիվա-ՄՏՍ-ը «Ժողովուրդ» օրաթերթում նույն օրը հրապարակված նյութի կապակցությամբ պարզաբանել էր, որ ընկերությունն ադրբեջանցիներին բջջային քարտեր չի տրամադրել (բաժանել), ինչը հաստատվում է հենց օրաթերթի կողմից հրապարակված՝ ԱԱԾ-ից վերջինիս ստացած պատասխանով, որը մեջբերում ենք ստորև.

««ՄՏՍ Հայաստան» ընկերությունը, այնպես էլ ՀՀ-ում գործող մյուս բջջային օպերատորները Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին, Ադրբեջանի քաղաքացիներին, ադրբեջանական անձնագրեր ունեցող անձանց հեռախոսահամարներ չեն վաճառել»։ 

Օրաթերթը (փոխկապակված կայքը) կրկին անտեսելով իր իսկ վկայակոչած՝ ԱԱԾ-ի տրամադրած ակնհայտ ու սպառիչ պատասխանը, փորձում է գոյություն չունեցող հակասություն գտնել ԱԱԾ պատասխանի և Վիվա-ՄՏՍ-ի՝ օգոստոսի 25–ի հայտարարության միջև։ 

Հիմա ամենակարևորը․ «Ժողովուրդ» օրաթերթն ու փոխկապակված կայքը, կամ միտումնավոր, կամ լրագրողական պարտականությունները թերի կատարելու արդյունքում, ընթերցողին չեն ներկայացրել, որ 2020 թ․ հուլիսի 25-ին Վիվա-ՄՏՍ-ն արդեն իսկ տարածել է հայտարարություն խնդրո առարկայի վերաբերյալ, և այդ հայտարարությունը լայնորեն տարածվել է հայաստանյան մամուլում։ Ցանկության և նվազագույն ջանք գործադրելու դեպքում այն կարելի էր հեշտությամբ գտնել Google որոնողական համակարգի միջոցով, օրինակ՝ https://b24.am/business/239902.html հղումով: Ստորև ներկայացնում ենք այդ հայտարարության տեքստն ամբողջությամբ․

=== ՍԿԻԶԲ ===

«Ի պատասխան Վիվա-ՄՏՍ-ի կոդով երկու հեռախոսահամարների վերաբերյալ հարցումների ու հրապարակումների՝ ընկերությունը հարկ է համարում տեղեկացնել, որ վերը նշված համարները տրամադրվել են իրավաբանական անձի` մասնագիտական սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու նպատակով:

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ իր սերվերային ու ցանցային համակարգերը լիարժեք պաշտպանված են հաքերային հարձակումներից՝ տեղեկատվական անվտանգության կառավարման ISO/IEC 27001/2013 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան:

Ինչպես արդեն վերը նշվել է, տվյալ համարներն օգտագործվել են հարցումներ իրականացնելու նպատակով, իսկ սերվերային ու ցանցային համակարգերը չեն ենթարկվել հաքերային որևիցե հարձակման, չեն վնասվել ու շարունակում են անխափան գործել»:

=== ԱՎԱՐՏ ===

Վերը նշված հաղորդագրությունից հետո, հայաստանյան որոշ ԶԼՄ-ներ ձեռնարկել են նաև լրացուցիչ ուսումնասիրություններ և հրապարակել դրանց արդյունքները, ինչը նույնպես չէր կարող աննկատ մնալ ջանասիրաբար իր պարտականությունները կատարող լրատվամիջոցի համար։  

Վիվա-ՄՏՍ-ը նաև տարակուսանք է հայտնում առ այն, որ օրաթերթը (փոխկապակցված կայքը) արդեն երկրորդ հրապարակումն է տարածում՝ չսպասելով Վիվա-ՄՏՍ-ին ուղղված իր տեղեկատվական հարցման պատասխանին։ Այն ուղարկվել է Վիվա-ՄՏՍ օգոստոսի 25-ին։  

Հավելենք միայն, որ «Ժողովուրդ» օրաթերթի (փոխկապակցված կայքի)՝ Վիվա-ՄՏՍ-ին թիրախավորելու շարժառիթներն ավելի քան պարզ են և, ցավոք, ենթադրաբար՝ զուտ նյութական։ Թե որոնք են դրանք, թողնում ենք լրագրողական համայնքի և հանրության դատողությանը։  

Շնորհակալություն։


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0