Վիվա-ՄՏՍ. հայտարարություն - պարզաբանում - 28 Սեպտեմբերի 2021 - Հ24
/ Տնտեսական / Վիվա-ՄՏՍ. հայտարարություն - պարզաբանում

Վիվա-ՄՏՍ. հայտարարություն - պարզաբանում

28.09.2021   12:00 12048 Տնտեսական

Ստորև ներկայացված է Վիվա-ՄՏՍ-ի պատասխան-պարզաբանումը, այս անգամ՝ ս.թ. սեպտեմբերի 28-ին mamul.am կայքում տեղ գտած հրապարակման առնչությամբ: Այս և նախորդող հրապարակման մեջ հաճախորդի արտահայտած դժգոհության վերաբերյալ լրատվամիջոցի միակողմանի լուսաբանումը, ապատեղեկատվության տարածումն ու փաստերի կամայական մեկնաբանությունը, ինչպես նաև Վիվա-ՄՏՍ-ի պարզաբանում-պատասխանները հրապարակելուց հրաժարվելն ու խուսափելը տարակուսանք են առաջացնում և հանգեցնում համոզման, որ լրատվամիջոցի նպատակը ոչ այլ ինչ է, քան ընկերության բարի համբավը վարկաբեկելու հերթական փորձ: 

Հուսով ենք, որ mamul.am-ն այս անգամ կհրապարակի Վիվա-ՄՏՍ-ի պարզաբանումը և չի սահմանափակվի միայն գնորդի տեսանկյունն ու սեփական մեկնաբանությունները ներկայացնելով, ինչն ընթերցողներին կընձեռնի կողմերին լսելու և իրողության վերաբերյալ լիարժեք պատկերացում կազմելու հնարավորություն: Վիվա-ՄՏՍ-ը բաց և թափանցիկ գործելակերպի կողմնակից է: 

Կարևոր ենք համարում տեղեկացնել, որ հրապարակումների մեջ հիշատակված հաճախորդի հեռախոսն իրեն է տրամադրվել սարքին. ս.թ. սեպտեմբերի 24-ին «Samsung» ապրանքանիշի հեռախոսների երաշխիքային սպասարկում իրականացնող «Ռեմզոն» ընկերության տրամադրած եզրակացությունը հավաստում է, որ հեռախոսի էկրանն ու մարտկոցը փոխարինվել են «Samsung» ընկերության տրամադրած օրիգինալ պահեստամասերով (ս.թ. սեպտեմբերի 17-ի դրությամբ, դեռևս նախքան mamul.am-ի հրապարակումները):

Ինչպես հայտնի է, ս.թ. սեպտեմբերի 23-ին Վիվա-ՄՏՍ-ը տարածել էր հայտարարություն՝ հերքելով mamul.am-ի սեպտեմբերի 22-ի հրապարակման մեջ տեղ գտած պնդումներն ու մեկնաբանությունները՝ համարելով, որ դրանք զրպարտող ու կանխակալ են և իրավիճակը չեն ներկայացնում ամբողջությամբ: 

Տասնյակից ավելի ԶԼՄ-ների կողմից հրապարակված այդ հերքում-հայտարարությամբ (որը Վիվա-ՄՏՍ-ը տարածել էր հարկադրաբար, քանի որ, ինչպես վերը նշվեց՝ mamul.am-ը հրաժարվում կամ խուսափում է Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական պատասխաններն իր կայքէջում տեղադրելուց) ընկերությունը տեղեկացրել է հանրությանն ու ԶԼՄ-ներին, որ դիմել է լրատվամիջոցին, որպեսզի վերջինս տրամադրի հրապարակման մեջ հիշատակված հաճախորդի/գնորդի հեռախոսահամարն ու անուն-ազգանունը՝ պաշտոնապես նույնականացնելու նպատակով: Mamul.am-ը տրամադրել է գնորդի կոնտակտային տվյալները: 

Հաշվի առնելով, որ Վիվա-ՄՏՍ-ին փոխանցված տվյալների հիման վրա (գնորդի համաձայնությամբ) հնարավոր է եղել նույնականացնել գնորդին` Վիվա-ՄՏՍ-ը մանրամասն կներկայացնի ընկերության սպասարկման կենտրոնից «Samsung» A12 սմարթֆոն գնած հաճախորդի բողոքի հիման վրա համապատասխան ժամկետներում իրականացված խնդրո առարկա հեռախոսի երաշխիքային սպասարկման հետ կապված գործողությունները: Մանրամասն շարադրանքը կարևոր ենք համարում՝ հաշվի առնելով mamul.am-ի ս.թ. սեպտեմբերի 22-ի և 28-ի հրապարակումներում տեղ գտած անճշտություններն ու փաստերի կամայական և կանխակալ մեկնաբանությունները: 

Այսպես, հաճախորդը հեռախոսը գնել է ոչ թե ս.թ. փետրվար ամսին, այլ ս.թ. մարտի 22-ին՝ Գյումրիի սպասարկման կենտրոնից: Այնուհետև, ս.թ. հունիսի 24-ին դիմել է Վիվա-ՄՏՍ՝ ծրագրային ապահովման խնդրի հետ կապված: Ընկերությունը հեռախոսը փոխանցել է երաշխիքային սպասարկում իրականացնող «Ռեմզոն» ընկերությանը, որն էլ իրականացրել է վերածրագրավորում և հեռախոսը վերադարձրել հաճախորդին: «Ռեմզոն»-ի պաշտոնական եզրակացություն մեջ նշված է հետևյալը. «Հեռախոսը բերվել է գործարանային վիճակի, այնուհետև թեստավորվել է: Որևէ խնդիր չի հայտնաբերվել»: Հեռախոսը տրամադրվել է հաճախորդին դիմումը ներկայացնելու հաջորդ օրը՝ հունիսի 25-ին: 

Երկրորդ անգամ հաճախորդը հեռախոսը բերել է Վանաձորի սպասարկման կենտրոն ս.թ. օգոստոսի 31-ին: Հաճախորդը էկրանի (սենսորի) հետ կապված բողոք է ներկայացրել: Հեռախոսը զննելու համար անհրաժեշտություն է առաջացել այն ներկայացնել «Ռեմզոն» ու հեռախոսն ուղարկվել է Երևան: Սեպտեմբերի 17-ին հեռախոսն արդեն պատրաստ է եղել: Էկրանը (սենսորը), ինչպես նաև՝ մարտկոցը (որպես սենսորի հետ պարտադիր փոխարինվող պահեստամաս) փոխարինվել են նորով անվճար՝ երաշխիքային սպասարկման շրջանակներում: Կատարված աշխատանքների մասին «Ռեմզոն» ընկերության տրամադրած ակտում նշված է, որ էկրանն ու մարտկոցը փոխարինվել են «Samsung» ընկերության տրամադրած օրիգինալ պահեստամասերով: 

Վերանորոգման նպատակով սպասարկող ընկերություն հանձնված հեռախոսը հաճախորդի մոտ չի գտնվել 17 օր («Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը վերանորոգման համար սահմանում է 20 օր՝ սպառողի պահանջի ներկայացման օրվանից սկսած): Ս.թ. սեպտեմբերի 18-ին Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցը հաճախորդին տեղեկացրել է, որ վերջինս կարող է գալ ու վերցնել հեռախոսը: (Հակառակ դեպքում՝ այն կտեղափոխվեր Վանաձորի սպասարկման կենտրոն, որպեսզի հաճախորդը ժամանակ ու միջոց չվատներ՝ Երևան հասնելու համար): Հաճախորդը մոտեցել է Երևանում գտնվող «Ռեմզոն»-ի գրասենյակ սեպտեմբերի 23-ին և վերցրել է հեռախոսը: Հարկ է նշել, որ սեպտեմբեր 8-ին ներկայացված դիմումում հաճախորդը պահանջել է իրեն նոր հեռախոս տրամադրել՝ այն պատճառաբանությամբ, որ արդեն երկրորդ անգամն է դիմում հեռախոսը վերանորոգելու խնդրով: «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տեխնիկապես բարդ ապրանքների (որոնց դասին են պատկանում հեռախոսասարքերը) նկատմամբ սպառողի` ապրանքի փոխարինման պահանջը ենթակա է բավարարման` ապրանքում էական խախտումների հայտնաբերման դեպքում միայն: Մինչդեռ խնդրո առարկա հեռախոսում հայտնաբերված խնդիրներից ոչ մեկը չի հանդիսացել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի իմաստով էական խախտում:

Ս.թ. սեպտեմբերի 23-ին հաճախորդը ներկայացրել է նոր դիմում-բողոք՝ պահանջելով հին հեռախոսը փոխարինել նորով կամ վերադարձնել գումարը՝ պատճառաբանելով, թե իբր նոր տեղադրված էկրանի գույները տարբերվում են նոր գնված հեռախոսի էկրանի գույներից: 

Հաճախորդի գրությանն ի պատասխան՝ ս.թ. սեպտեմբերի 24-ին «Ռեմզոն»-ի տրամադրած եզրակացությունը հավաստում է, որ կատարվել է էկրանի (սենսոր) և մարտկոցի (էկրանի փոխարինման դեպքում պարտադիր փոխարինվող պահեստամաս) փոխարինում՝ «Samsung» ընկերության տրամադրած օրիգինալ պահեստամասերով:

Ինչ վերաբերում է mamul.am-ի ս.թ. սեպտեմբերի 22-ի հրապարակման մեջ տեղ գտած հետևյալ պնդմանը, թե իբր Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցը հաճախորդին ասել է «մենք հեռախոս չենք վաճառել, որ դու տաքսի քշես», այն ևս չի համապատասխանում իրականությանը: Վիվա-ՄՏՍ-ի իրականացրած ուսումնասիրության արդյունքում լսվել են բաժանորդի հետ բոլոր խոսակցությունները. նման կամ որևիցե այլ վիրավորական արտահայտություն ընկերության որևէ աշխատակցի կողմից չի արվել:  

Կարևոր է ընդգծել, որ Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման սրահներում սարքերի և սարքավորումները վաճառքն իրականացվում է այդ ապրանքատեսականին մատակարարող պաշտոնական ներկայացուցիչների հետ պայմանագրերի հիման վրա: Մասնավորապես՝ Վիվա-ՄՏՍ-ն ինչպես բջջային այլ օպերատորները, իրականացնում է «Samsung» ապրանքանիշի սարքերի ու սարքավորումների վերավաճառք, ինչը նաև նախատեսում է երաշխիքային սպասարկում՝ պաշտոնական ներկայացուցչի կողմից ընտրված՝ սպասարկում իրականացնող ընկերությունում: Վիվա-ՄՏՍ-ը ո՛չ արտադրող է, և ո՛չ էլ ունի իրավասություն՝ ընտրելու սպասարկում իրականացնող ընկերություն: Ընկերությունը խստորեն վերահսկում է երաշխիքային սպասարկման գործընթացը՝ կապ պահպանելով թե՛գնորդի, և թե՛ սպասարկում իրականացնող ընկերության միջև:

Հաճախորդների ու պաշտոնական ներկայացուցիչների հետ հարաբերություններում Վիվա-ՄՏՍ-ը կամայական որոշումներ չի կայացնում, այլ խստորեն հետևում է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և համապատասխան այլ օրենքների պահանջներին:

Շնորհակալություն: 
Վիվա-ՄՏՍ


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 3
    Հյուրեր. 3
    Անդամներ. 0