25 տարվա վագոն-տնակն արդեն խորդանոց է դարձել - 23 Փետրվարի 2022 - Հ24
/ Տնտեսական / 25 տարվա վագոն-տնակն արդեն խորդանոց է դարձել

25 տարվա վագոն-տնակն արդեն խորդանոց է դարձել

23.02.2022   15:00 12137 Տնտեսական

Վագոն-տնակից մարդկանց հանելու՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հերթական նախաձեռնությունն ավարտվել է հաջողությամբ. 25 տարի որպես կացարան ծառայած մետաղյա անհյուրընկալ տարածքն այժմ խորդանոց է դարձել: Գործընկեր կազմակերպությունների ղեկավարները շրջայցով եղել են Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում՝ կյանքի նոր էջ սկսած Հակոբյանների տանը:

Արթուրը վագոն-տնակ է մտել 1997 թվականին՝ 24 տարեկան հասակում: Երբեք չի էլ պատկերացրել, որ սառն ու անհյուրընկալ մետաղական կացարանում է անցնելու ոչ միայն իր կյանքի զգալի հատվածը, այլև հետո ծնված զավակների երիտասարդությունը: 27 քմ մակերեսով վագոն-տնակում չորս հոգով ապրել են մի ամբողջ կյանք: 

Ընտանիքի համար բարեկեցիկ պայմաններ ստեղծելու նպատակով, Արթուրը հինգ տարի առաջ շինարարություն է նախաձեռնել, սակայն ֆինանսական սուղ պայմանների պատճառով՝ չի կարողացել ավարտել այն: Հակոբյաններին աջակցել են բնակարանաշինության ծրագիր իրականացնող գործընկեր կազմակերպությունները: 

Կիսակառույցը տուն է դարձել: Վագոն-տնակն այլևս կացարան չէ. այն առայժմ խորդանոց է դարձել, իսկ հետագայում կհեռացվի տարածքից: Հակոբյանների 18-ամյա որդին հասցրել է Ամանորը ծնողների հետ դիմավորել նոր կառուցված տանն ու այդտեղից էլ մեկնել զինվորական ծառայության:

«Դժվար տարիներ ենք ունեցել.  ցրտի ու նեղության մեջ, հոգսաշատ, բայց ոչ երբեք՝ անհույս: Հեռուստատեսությամբ տեսնում էինք, կամ լսում, որ այստեղ տուն կառուցեցին, այնտեղ տուն կառուցեցին, ուրախանում էինք բոլորի հետ ու բոլորի համար: Հայաստանի բոլոր մարզերում բնակարանի խնդիրներ ունեցող ընտանիքներին աջակցող կազմակերպությունները մեզ էլ օգնության եկան, ձեռք մեկնեցին ու հեռավոր թվացող երազանքը իրականություն դարձավ», -ասել է ընտանիքի հայրը՝ Արթուրը:

«Յուրաքանչյուր հանդիպում որևէ ընտանիքի հետ, մեզ համար ոչ թե հերթական է, այլ առանձնահատուկ. ամեն մեկն իր կյանքի պատմությունն ունի, անցած բարդ ճանապարհը, ելք փնտրելու ձգտումը: Պատկերացնելն անգամ բարդ է, թե այս մարդիկ ինչպես են մի ամբողջ երիտասարդություն՝ 25 տարի, ապրել երկաթյա կաղապար հիշեցնող մի տարածքում, որը տնակ անվանելն անգամ տխուր է: Համոզված եմ, որ բնակարանաշինության ծրագիրը շատերի համար նոր կյանք սկսելու հնարավորություն է ստեղծել»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Երբ համեմատում ես վագոն-տնակի ու այս տան պայմանները, պարզ է դառնում, թե ինչ դաժան օրեր են ունեցել այս մարդիկ՝ իրենց կյանքի մի զգալի մասը զրկված լինելով տարրական պայմաններից: Ամեն անգամ նույնչափ հաճելի է կիսել այս մարդկանց ուրախությունը»,- ասել է «Ֆուլերն տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ միայն 2021 թվականին բնակարանի խնդիր է լուծել 87 ընտանիք: Ամփոփելով տասնամյա համագործակցության արդյունքները՝ այդ թիվը մոտենում է 400-ի: 
 


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0