Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար
Արմենիա Մարիոթ հյուրանոցում կայացել է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հերթական՝ 15-րդ ամենամյա բարեգործական ընթրիքը:
Ամենամյա միջոցառման հիմքում հասարակությանն օգտակար լինելու արժեհամակարգն է, որը կոնկրետ ծրագրերի տեսքով դրսևորվում է արդեն 21 տարի: Հավատարիմ գործընկերների աջակցությամբ, «Օրրան» բարեգործական կազմակերպությունը ձգտում է հնարավորինս կրճատել երկրում արձանագրվող մուրացկանության ցուցանիշն ու հոգալ միայնակ տարեցների խնդիրները: Վերջին տարիներին համավարակի, այնուհետև պատերազմի հետևանքները լրջորեն փոխել են երկրում տիրող սոցիալական պատկերն ու ընդլայնել շահառուների ցանկը: Ընթացիկ տարում ուշադրության կենտրոնում են լինելու նաև Արցախից տեղահանված ընտանիքները:
Ընթրիքի ժամանակ հանգանակված գումարն ամբողջությամբ ուղղվելու է «Օրրան»-ի երկու՝ Երևանի և Վանաձորի կենտրոններին: Դա թույլ է տալու շարունակել «Օրրան»-ի կարևոր առաքելության իրագործումը. հոգալ կենտրոնների շահառու շուրջ 100 միայնակ տարեցներին և կարիքավոր 300 երեխաներին սննդի, կրթական, ձեռարվեստի ուսուցման, մշակութային, սոցիալական, հոգեբանական, ծառայություններ մատուցելու հարցերը:
Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս, բարեգործական միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, հիմնադրամի գործընկերներ, գործարարներ և արվեստագետներ: Բոլորի նպատակը եղել է նույնը. կանգնել սոցիալական ճգնաժամի մեջ հայտնված ընտանիքների կողքին:
«Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանն իր ուղերձում նշել է. «Ընթացիկ տարին մեզանից շատերի համար, անշուշտ, բարդ և մարտահրավերներով լի էր. նախ համավարակը, հետո էլ՝ կործանարար պատերազմը: Տխուր իրականությունից երեխաներն ամենաշատն են տուժել` որպես «լուռ զոհեր»: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այդ ամենի միջով անցած երեխաների համար «Օրրան»-ը դառնա լուսավոր կետ»: Տիկին Հովհաննիսյանի խոսքով, մինչև օրս, կազմակերպությունը շարունակում է ստանալ աջակցության հայտեր:
«Այստեղ հավաքված է մի թիմ, որին հաջողվում է անմնացորդ սիրով և գթասրտությամբ նվիրվել հուսահատության մեջ հայտնված մանուկներին և տարեցներին, նրանց համար ստեղծել իրականություն, որն ավելի խոստումնալից է և հուսադրող: «Օրրան»-ը սովորեցնում է կյանքի դժվարությունները հաղթահարել լավատեսությամբ և կամքի ուժով: Այստեղ դրսորվում է ոչ թե խղճահարություն, այլ՝ սեր ու նվիրում: Իսկ այդ ուժը շատ հզոր է»,- նշել է «Օրրան»-ի 21-ամյա գործունեության ընթացքում նրա ծրագրերի հիմնական աջակցող և խոշոր նվիրատու կազմակերպության՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ռալֆ Յիրիկյանը կրկնապատկել է բարեգործական ընթրիքի ընթացքում հանգանակված գումարը՝ նվիրաբերելով 7,3 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
«Օրրան»-ի հետ համագործակցության շրջանակներում, 2006թ. սկսած՝ Վիվա-ՄՏՍ-ը տրամադրել է 986 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Ռալֆ Յիրիկյանի ընտանիքը տրամադրել է ԱՄՆ 50,7 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Տևական ժամանակ իր առջև բարդ ու համարձակ խնդիր դրած բարեգործական կազմակերպության տարեգրությունը լի է մարդկային կենսագրությունների վրա դրական ազդեցությամբ:
Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած: