«Անհատական օգնական» ծրագիրը կարծրատիպեր է կոտրում մարզերում
Երբ ընտանիքում լինում է հատուկ խնամքի կարիքով երեխա, ծնողներին դժվարությամբ է հաջողվում հաղթահարել հոգեբանական և դրանից ածանցվող մյուս խնդիրները: Դրա հետևանքով հաճախ ամուսնալուծություններ են արձանագրվում: Տարիներ առաջ, հատկապես մարզերում, խնդրի և դրա լուծման վերաբերյալ պատկերացումներն այլ էին. այդ թիրախային խմբում հայտնված ընտանիքները մերժում էին մեկ ուրիշ անձի՝ իրենց ընտանիք մտնելու միտքը: Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի ջանքերով արդեն ութ տարի իրականացվող «Անհատական օգնական» ծրագիրը շրջադարձային կերպով փոխել է այդ մոտեցումը. այսօր այդ մասնագետի ներկայությունը համարում են ոչ թե անընդունելի, այլ կարևոր ու անփոխարինելի: Հայաստանում այս ծառայությունը դարձել է չափազանց անհրաժեշտ և պահանջված՝ և ծանր հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար։
Գյումրեցի 12-ամյա Ջուլիետայի ծնողները մանկական ուղեղային կաթվածով (ՄՈՒԿ) իրենց երեխայի վարքագծում դրական դինամիկա են նկատում: Երկու տարվա մեջ՝ ութ ամսվա ընթացքում իրականացված ծրագրի արդյունքում, աղջկա մոտ գրեթե վերացել է մեկուսանալու, միայն սահմանափակ շփումների ձգտումը և բացառապես մայրիկից կախվածությունը: Անհատական օգնականի նեղ մասնագիտական աջակցության շնորհիվ նա սոցիալացվել է, զարգացրել է մանր մոտորիկան, դարձել ավելի հանգիստ ու կենտրոնացված: Փոփոխություն կա նաև ընտանիքում. երիտասարդ տանտիրուհին սկսել է մտածել ինքնադրսևորման, աշխատանքային զբաղվածության հարցերի և ամուսնուն օգնելու շուրջ, սկսել է զբաղվել հրուշակագործությամբ:
«Դպրոց շաբաթական մեկ կամ երկու անգամ եմ տանում, որովհետև դրսում շատ դժվար է իր համար: Տան մեջ կարող է քայլել, բայց դրսում դժվար է. մենակ չեմ կարող: Մինչև ծրագրից օգտվելը ես նույնիսկ չէի կարող խանութ գնալ կամ տան մեջ ուրիշ սենյակում լինել. անընդհատ կանչում էր՝ մամա, մամա․․․ Մարզերում անհատական օգնականի կարիքն ավելի մեծ է: Արդեն երկրորդ տարին է՝ այս ծրագրից օգտվում եմ, և շատ գոհ եմ: Ինչի՞ եմ հասել. արդեն մտածում եմ աշխատելու մասին: Կրթությունս միջին-մասնագիտական է: Միշտ երազել եմ տարրական դասարաններում դասավանդել, ուղղակի էնպես դասավորվեց, որ չստացվեց: Մյուս երազանքիս հաստատ հասնելու եմ, որովհետև ամուսնուս նյութապես օգնելու ցանկությունս մեծ է», - ասում է Ջուլիետայի մայրը՝ Անուշ Վարոսյանը:
Գործընկեր կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի համար կարևոր է ոչ միայն ծրագրի արդյունավետ ընթացքը, այլև դրա շարունակական ազդեցությունը, մասնավորապես՝ երեխայի կայուն վարքագծի պահպանումը, սոցիալացման հետագա դինամիկան: Վերջին երեք տարվա ընթացքում «Անհատական օգնական» ծրագիրն ընդլայնել է աշխարհագրությունը՝ ներառելով նաև բոլոր մարզերը: 2023 թվականին ծրագրից օգտվել է 40 ընտանիք: Նրանցից 2 տասնյակը սպասարկվել է տարբեր մարզերում: