Արմավիր գյուղի մանկապարտեզն արդեն ջեռուցվում է արևային ֆոտովոլտային կայանով
Տարիներ շարունակ Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մանկապարտեզը ձմռանը հարկադրված աշխատել է պարապուրդի ռեժիմով: Հարյուր տարի առաջ կառուցված՝ ֆունկցիոնալ այլ նշանակության շենքը բարձր առաստաղ ունի․ ներսում բավարար ջերմություն ապահովելու համար շատ էներգիա սպառելու անհրաժեշտություն է լինում: Չնայած մարզի համեմատաբար մեղմ կլիմային՝ գազով աշխատող կաթսաները զգալի ծախսեր են պահանջում: Էլեկտրական սալիկներից ու վառարաններից օգտվելն էլ ապահով չէ փոքրիկների համար: Այդ ամենը, սակայն, արդեն անցյալում է:
Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով այս տարվանից մանկապարտեզում գործում է արևային ֆոտովոլտային կայան՝ զրոյացնելով էներգիայի ծախսերը: Կայանը գործում է 22,5 կվտ/ժամ դրվածքային հզորությամբ և ունի 21 կվտ/ ժամ հզորությամբ աշխատող էլեկտրական 2 կաթսա: Արտադրած էներգիան թույլ է տալիս ապահովել մանկապարտեզի բնականոն աշխատանքը և անգամ նոր խումբ բացելու հնարավորություն ստեղծում::
«Արևի երկրում արևից չօգտվելը մեծ բացթողում կլինի: Հատկապես հիմա, երբ մարդկանց կյանքը հեշտացնելու և դրանով հանդերձ՝ ռեսուրսները խնայելու միտում կա աշխարհում, պետք է օգտվել տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից: Մեզ համար դա ռազմավարական ուղղություններից է, ինչը դրսևորվում է թե´ ծրագրերի, թե´ մեր հիմնական գործունեության մեջ։ Մենք արևային ֆոտովոլտային կայանները դիտարկում ենք որպես բջջային ցանցի արդիականացման բաղադրիչ: Սա պատասխանատու մոտեցման և երկարաժամկետ ներդրման մոդել է, որից շահում են և մարդիկ, և բնությունը, և տնտեսությունը»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
«Համատեղ ջանքերով մենք ոչ միայն փոփոխություն ենք բերում համայնքների էներգետիկ ենթակառուցվածքներում, այլև խրախուսում ենք կայուն կենսակերպն ու բնահեն մտածելակերպը։ Նման ծրագրերը չափազանց կարևոր են Հայաստանում ավելի կայուն ու ամուր համայնքներ կերտելու ճանապարհին»,-ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Մանկապարտեզի տնօրեն Վիկտորյա Ավագյանը բարձր է գնահատում Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործընկերությամբ իրականացված ծրագիրը: Ուրախ է, որ արևային կայանի շնորհիվ մանկապարտեզի ծրագրերը կախված չեն լինի եղանակային պայմաններից:
Հայաստանի մարզերում իրականացվող բնապահպանական այսօրինակ ծրագրերով Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը նվազեցնում են գյուղական համայնքների ծախսերն ու ակտիվացնում են բնակիչների կյանքը։