Ավարտված շինարարություն՝ սահմանապահ Պառավաքարում - 11 Փետրվարի 2022 - Հ24
/ Տնտեսական / Ավարտված շինարարություն՝ սահմանապահ Պառավաքարում

Ավարտված շինարարություն՝ սահմանապահ Պառավաքարում

11.02.2022   12:00 20926 Տնտեսական

Սահմանապահ Պառավաքարում զգոնությունը պարտադիր չափանիշ է. հակառակորդի սադրանքն ամեն պահի կարող է լինել: Երկար տարիներ այսպիսի հոգեվիճակում ապրող գյուղացիները հողի մշակ են ու նաև՝ զինվոր, սակայն չեն տրտնջում: Ամենօրյա աշխատանքով ու հաստատակամությամբ են դրսևորում հայրենասիրությունը, եթե անգամ այդ ամենը հեշտ չի տրվում: Սիրում են հայրենի գյուղն ու ամրանում: Այդպիսին է նաև Ղարաբաղցյանների առօրյան:

Մարատի ընտանիքն ապրել է բարդ ռելիեֆային պայմաններով տեղանքում կառուցված կիսանկուղային տանը: Անձրևներից հետո ջրի մեջ հայտնվող պատեր… տանիքի բացակայություն… խոնավության խոսուն հետևանքներ՝ առաստաղին ու տան գրեթե բոլոր անկյուններում… Խորհրդային տարիներին կառուցված, առանց կոմունալ հարմարությունների, ընդամենը 2 սենյակից բաղկացած նկուղային շինությունում երեք զավակ է մեծացել: Ընտանիքի հայրը 25 տարի առաջ նախաձեռնած շինարարությունն ավարտել է երկու ամիս առաջ՝ բնակարանաշինության ծրագիր իրականացնող գործընկերների աջակցությամբ:

Հոգսաշատ կյանքն արդեն հիշողություն է դարձել. տունը կառուցվել է, Ղարաբաղցյանները նկուղից տեղափոխվել են կառուցված տուն: Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» հավատարիմ եմ մնացել սահմանին ապրող գյուղացու կողքին կանգնելու՝ իրենց արժեհամակարգին: Տարիների գործընկերները Պառավաքարում առաջին ծրագիրն իրականացրել են 2016 թվականին: Մինչև օրս, միայն Պառավաքարում լուծվել է 10 տան խնդիր: 

«Սահմանին ապրողները հայրենասիրության իրական օրինակ են ցույց տալին: Ո՛չ դժվար կյանքը, ո՛չ իրական վտանգը չեն կոտրում հայի այդ տեսակը և չեն կարողանում կտրել արմատներից: Ձեր ամուր կամքն ուժ է փոխանցում բոլորիս՝ պարտավորեցնելով գնահատել ունեցածը, աշխատանքով նվիրվել երկրի զարգացմանն ու լինել միասնական: Ձեր կողքին լինելու՝ մեր պատրաստակամությունը ևս հաստատակամ է: Երբ բոլորս շատ համախմբված լինենք՝ խնդիրներն ավելի արագ կհաղթահարվեն»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Վիվա-ՄՏՍ-ի հետ համագործակցության ընթացքում սահմանապահ և սահմանամերձ գյուղերը եղել և մնում են մեր ուշադրության կենտրոնում: Շատ կարևոր է ամուր թիկունք ունենալու զգացումը,   և  մենք փորձում ենք այդ զգացողությունն ապահովել սահմանապահ ընտանիքների համար: Միայն Պառավաքար գյուղում տան շինարարությունն ավարտելու համար աջակցություն է ստացել տասը ընտանիք»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ղարաբաղցյանների կրտսեր որդին՝ Կարենը, արդեն մեկ տարվա զինծառայող է: Բանակ է մեկնել, երբ դեռ շինարարությունը չէր սկսվել: Բնակարանամուտի բերկրանքն առայժմ վայելել է կարճատև արձակուրդի ընթացքում:
 
«Ընտանիքիս չորս տղամարդկանցից երեքը զինվորական են. կրտսերը՝ Կարենը, արդեն մեկ տարվա ծառայող է: Իր նոր ննջասենյակում գիշերել է արձակուրդի ընթացքում: Ամուսինս ու ավագ որդիս էլ ծառայում են պայմանագրային հիմունքներով: Իմ և իր երիտասարդ ընտանիքի կողքին մշտապես լինում է զավակներիցս միայն մեկը: Ի դեպ, նոր կառուցված տանն ամուսնացել է նաև մյուս տղաս: Այժմ ամեն ինչ այլ է. շուտով ևս երկու թոռնիկ լույս աշխարհ կգա ու տունն ավելի ջերմ կլինի»,- ասել է տանտիրուհին՝ Գայանե Ալավերդյանը: 

Ղարաբաղցյանների տան շինարարությունը երկարաձգվել էր 44-օրյա պատերազմի պատճառով: Տղամարդիկ բառացիորեն նվիրվել են հայրենիքի պաշտպանության գործին՝ ընտանիքի բարօրությունն ապահովելու գործը փոքր-ինչ հետաձգելով: Այժմ ընտանիքը նոր երազանքներով է ապրում: Բնակարանաշինության ծրագիր իրականացնող կողմերը՝ Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» կարևոր են համարում ծրագրի ոչ միայն տեսանելի, այլև ընտանիքների վրա՝ դրա հոգեբանական ազդեցության արդյունքը:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 2
    Հյուրեր. 2
    Անդամներ. 0