Ենթակառուցվածքները՝ համայնքների զարգացման միջոց
Ծովակում հերթական ծրագիրն է իրականացվել. արևային ֆոտովոլտային ևս մեկ կայան է տեղադրվել՝ այս անգամ մշակույթի տան տանիքին: 6,9 ԿՎտ դրվածքային հզորությամբ կայանի գործարկումը թույլ կտա շենքի էներգամատակարարումն իրականացնել արևից ստացված էներգիայիով: Այլ կերպ ասած՝ կմեծանա էլեկտրական հոսանքից օգտվելու արդյունավետությունը, կկրճատվի դրա ծախսը:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի այս գյուղի համար նոր տեխնոլոգիաների ներդրումը կարևոր է տնտեսական, բնապահպանական և ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից: Տնտեսված միջոցները կծախսվեն գյուղի մյուս խնդիրների լուծման նպատակով, խստաշունչ ձմռան պատճառով այլևս հարկադիր պարապուրդի անհրաժեշտություն չի լինի: Ի դեպ, նույն հասցեում է գործում նաև գյուղի վարչական մարմինը: Մշակույթի տան բնականոն գործունեությունը կարևոր է մայրաքաղաքից կտրված ցանկացած բնակավայրի համար:
Հոսանքի կայանի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը և գյուղի բնակիչները:
«Մենք էապես կշահենք, երբ սովորենք բնության լեզուն և գնահատենք մեր ունեցած ռեսուրսները, խելացի ու համակարգված օգտվենք դրանցից: Մեր երկիրն ունի արևային էներգիայից օգտվելու մեծ հնարավորություն: Տեխնոլոգիաների զարգացման շրջանում դրանից չօգտվելը բացթողում է: Հատկապես՝ հեռավոր գյուղերի համար, որտեղ հատուկ է խստաշունչ ձմեռը, անգամ աննշան թվացող ծրագիր իրականացնելը տնտեսապես շահավետ է: Ուրախ եմ արձանագրել, որ մայրաքաղաքից բավականաչափ հեռու գտնող այս գյուղում լուծվել է ևս մեկ խնդիր: Ամենափոքր խնդիրը, չլուծվելու դեպքում լրջանում է՝ հետագայում պահանջելով կրկնակի ջանքեր: Մեր ծրագրերի հիմքում օգտակար լինելու և ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով բնությանը չվնասելու մոտեցումն է: Դա անհրաժեշտ է ոչ միայն մեզ, այլև, առավելապես՝ հաջորդ սերունդներին»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Կարևոր համարելով համայնքների զարգացումը՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) վերջին 5 տարվա ընթացքում մի քանի ծրագիր են իրականացրել Ծովակում: Գործընկերների աջակցության շնորհիվ ջեռուցման հին մեթոդներն ավելի քան մեկ տարի է չեն կիրառվում նաև գյուղի մանկապարտեզում: 20,4 ԿՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանն այստեղ տեղադրվել է բարդ ժամանակահատվածում: Համավարակով պայմանավորված՝ աջակցող կողմերը մանկապարտեզ չեն այցելել, սակայն ներդրել են բոլոր ջանքերը՝ ծրագիրն ավարտելու և 60 սան սպասարկող մանկապարտեզի աշխատանքը կաթվածահար չանելու համար: Նախկինում գազով աշխատող ջեռուցման 3 կաթսաները փոխարինվել են էլեկտրականով: Մանկապարտեզի շենքը ջեռուցվում է արևային էներգիայից ստացված էլեկտրականությամբ և գործում է ամբողջ ձմեռ:
Ամփոփելով Ծովակում տարիների գործընկերության արդյունքը՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) կարևոր են համարում նաև արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված ծրագրերը: ԽՍՀՄ փլուզումից հետո, ժամանակի ընթացքում մաշված և շարքից դուրս եկած ենթակառուցվածքների փոխարեն, գյուղում կառուցվել են նորերը: Ընդհանուր առմամբ, այստեղ տեղադրվել է 93 LED լուսարձակ, լուսավորվել է 3300 մետր ճանապարհահատված: Արդեն 5 տարի Ծովակում օգտվում են առավել արդյունավետ ու դիմացկուն LED լամպերից՝ սպառելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա:
Նոր տեխնոլոգիաների ներդրմամբ բնապահպանական ծրագրեր են իրականացվել նաև Հայաստանի այլ մարզերում: