Երազանքն իրականացնելու ճանապարհին
«Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանն սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ պատմածները զգալիորեն նպաստել են դրան:
Շուրջ մեկ տարի առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի աշակերտ Տիգրանը մասնակցել է Վայոց ձորի մարզի Արատես գյուղի ուսումնական կենտրոնում վրանային ճամբարին և որոշել է տեղի ուսումնական կենտրոնում մի փոքրիկ աստղադիտարան ստեղծել:
Բյուրականի աստղադիտարան կատարած այցը, 2.6-մետրանոց աստղադիտակի աշխատանքին մոտիկից ծանոթանալու հնարավորությունը, ինչպես նաև աստղադիտարանի գործունեության պատմությունը որոշիչ են դարձնել Տիգրանի համար:
«Առաջին անգամ էի աստղադիտարանում, շատ նոր գիտելիք ստացա: Ծանոթացա 2.6-մետրանոց դիտակի հետ ու ոգևորություն արթնացավ՝ շարունակելու իմ ընտրած ճանապարհը Հայաստանում: Մենք հնարավորություններ ունենք, և ինչ-որ մեկը պետք է լինի, որ օգտվի այդ հնարավորություններից», - ասել է Տիգրանը:
Նպատակի իրագործման համար անհրաժեշտ է ոչ միայն ցանկություն, այլև՝ համապատասխան հնարավորություն: Նման հնարավորություն Տիգրանն ստացել է «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի շրջանակում, որն իրականացնում են «Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն և Մեդիամաքսը՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու առաջատար ընկերությունների փորձը և ստանալու ստարտափ հիմնելու վերաբերյալ գիտելիք:
Ծրագրին մասնակցության առաջին փուլի շրջանակում Տիգրանն արդեն հասցրել է շփվել բազմամյա փորձ և Հայաստանում զգալի հաջողության հասած տարբեր ընկերությունների և հիմնադրամների ղեկավարների հետ: Երկրորդ փուլով նախատեսվում են աշխատարաններ, որտեղ ուսուցումը կիրականացվի մենթորների հետ: Մասնակիցները կաշխատեն փոքր խմբերում և կկարողանան իրենց գաղափարները ներկայացնել քննարկման՝ իրականացման հեռանկարները գնահատելու համար:
«Ծրագիրը փոխելու է իմ կյանքը։ Այլևս առաջվա նման չի լինելու: Պարտության դեպքում սխալների հիման վրա նորը կսովորեմ: Իսկ հաղթանակի դեպքում դպրոցս հպարտանալու առիթ կունենա», - ասել է Տիգրանը:
Աշխատարաններում մշակված և լավագույնը ճանաչված ստարտափ նախագծերը կարժանանան խրախուսական դրամական պարգևի: Մրցանակային ընդհանուր ֆոնդը 1.000.000 դրամ է։ Ծրագրի արդյունքները կամփոփվեն ամռանը: