Գետափում դարձյալ բնակարանամուտ է նշվել - 24 Մայիսի 2022 - Հ24
/ Տնտեսական / Գետափում դարձյալ բնակարանամուտ է նշվել

Գետափում դարձյալ բնակարանամուտ է նշվել

24.05.2022   12:00 144790 Տնտեսական

Երկարատև սպասումից հետո, Գետափ գյուղում ևս մեկ ընտանիք է տան տեր դարձել: 27 տարի առաջ ընտանիք կազմած Հովսեփյանները միայն ամիսներ առաջ են բնակարանամուտ նշել: Սկզբում վարձակալած, ապա գնած՝ խարխուլ, քայքայված միջնապատերով ու տանիքով շինությունն էլ սեփական ձեռքերով են վերակառուցել ու տուն դարձրել: Այդ հարցում նրանց աջակցել են Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելու արդյունքը երկար սպասեցնել չի տվել: 

Հերթական շրջայցով՝ գործընկեր կազմակերպությունների ղեկավարները հյուրընկալվել են Հովսեփյանների նորակառույց տանը: Երիտասարդ ընտանիքը, հինգ ամսվա ընթացքում գործադրված ջանքերի և գործընկերների աջակցության շնորհիվ, կառուցել է տան միջնապատերը, տանիքը, ավելացրել է ննջասենյակների թիվն ու հիմնանորոգել հատակը:  

‹‹Երկար տարիների երազանքը վերջապես իրականություն է դարձել. վերջապես հանգստություն ենք ձեռք բերել: Նոր տան հետ նոր երազանքներ են ծնվել... արդեն հասցրել ենք այս տանը իրական երջանկություն վայելել. տան շինարարությունը ավարտին հասցնելուց անմիջապես հետո նշել ենք և՛ տղայիս, և՛աղջկաս նշանադրությունը: Դեռ չեմ հավատում, որ ամեն ինչ անցյալում է մնացել››, - ասել է Վարդիթերը՝ ընտանիքի մայրը:

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համագործակցության արդյունքում, բոլոր առումներով բարդ տարիներ հաղթահարած ընտանիքներն սկսել են աստիճանաբար վերադառնալ կյանքի բնականոն հուն: Բնակարանաշինության տասնամյա ծրագրի դրական ազդեցությունն զգացել են Հայաստանի բոլոր  մարզերում ապրող մարդիկ: 

«Ամեն մեկն իր անցնելիք ճանապարհն ունի, բայց կա մի հատված, որտեղ բոլորրիս ուղին խաչվում է. դա երկրի զարգացման ճանապարհն է: Սա մի ծրագիր է, որի հիմքում օգտակար լինելու ռազմավարություն կա: Մարզերում ապրող մեր հայրենակիցները պետք է վստահ լինեն, որ իրենք մենակ չեն իրենց խնդիրների հետ: Երկար տարիներ առաջնորդվել ենք այդ տրամաբանությամբ: Երբեմն առաջին հայացքից փոքրիկ թվացող որոշումը կարող է ամբողջովին փոխել մարդու կյանքը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» տասնամյա համագործակցության արդյունքում, միայն Վայց ձորում, բնակարանաշինության ծրագրից օգտվել է 44 ընտանիք: 

«Արդեն տասնամյակից ավել իրականացվող այս ծրագիրը դարձել է կենսական նշանակություն ունեցող գեղեցիկ ավանդույթ, որն ուղղված է ոչ միայն ընտանիքների բարօրությանը, այլ նաև համայնքների պահպանմանն ու զարգացմանը: Ստեղծելով բարեկեցիկ պայմաններ ընտանիքների համար՝ նրանց համար ստեղծում ենք սեփական հողում արարելու և երջանիկ ապագա կերտելու հենակետ», - ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ընտանիքներին աջակցելու՝ գործընկերների հետևողականությունն անփոփոխ է: Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները կարևոր են համարում ծրագրի ոչ միայն տեսանելի, այլև արդեն 400 ընտանիքի վրա՝ դրա հոգեբանական ազդեցության արդյունքը: Այս տարիների ընթացքում, հանրապետության բոլոր մարզերում ավարտին է հասցվել բազմաթիվ կիսակառույցների շինարարություն, ապամոնտաժվել են վագոն-տնակներ, իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Այդ նպատակով, Վիվա-ՄՏՍ-ը կատարել է գրեթե 1 մլրդ. ՀՀ դրամի ներդրում:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 6
    Հյուրեր. 6
    Անդամներ. 0