Գործընկերություն՝ Հայաստանի անտառածածկույթը մեծացնելու և անապատացման դեմ պայքարի համար
Կլիմայի փոփոխությունը լուրջ մարտահրավեր է դարձել աշխարհի համար: Դրանից զերծ չէ նաև տարածաշրջանում անտառների մակերեսով վերջին տեղը զբաղեցնող Հայաստանը: Ընդամենը 11% անտառածածկույթը բավարար չէ «թոքերի» գործառույթ իրականացնելու համար: Կա և անտառների ծավալը մեծացնելու և դրա շնորհիվ անապատացման վտանգը կանխելու անհրաժեշտություն:
Ապագա սերնդին հնարավոր խնդիրներից ազատելու և կյանքի տարբեր ոլորտներում զարգացմանը նպաստելու գիտակցությունը շարունակում է կարևոր տեղ զբաղեցնել Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի՝ Վիվա-ՄՏՍ-ի արժեհամակարգում: Արդեն 17 տարի, Հայաստանի տարբեր մարզերում բնապահպանական նշանակության ծրագրեր իրականացնող ընկերությունն անտարբեր չի մնացել նաև այս տարի: Վիվա-ՄՏՍ-ի և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով, աշնանը 20 000 ծառ կտնկվի:
Նոր համագործակցության մեկնարկը տրվել է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության՝ Լոռու մարզում գործող «Պենժամին Գումուշճեան» տնկարանում կազմակերպված շրջայցով, որի ընթացքում Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն անվանական ծառ է տնկել «Հյուրերի ծառուղում»: Այս տնկարանում աճեցվող տնկիներն էլ առաջիկայում իրենց տեղը կգտնեն Լոռու անտառպատման տարածքներից մեկի լանջերին: Ջրաշեն-2՝ դեռևս լերկ 6 հա տարածքու այս աշնանը կտնկվի 20 000 ծառ: Ծառատունկին կմասնակցեն նաև Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները:
«Ինչու՞ է տեխնոլոգիական և հեռահաղորդակցային ընկերությունն այսօր այստեղ: ՏՀՏ ոլորտի նպատակները հստակ են. դա տեխնոլոգիաների անդադար զարգացումն ու կիրառումն է՝ մարդու և բիզնեսի կարիքների համար: Մենք ջանք չենք խնայում այս ոլորտում առաջատարը լինելու համար: Իսկ բնապահպանության հարցում մոտեցումն այլ է: Միջամտությունը շրջակա միջավայրին պետք է համահունչ լինի բնության զարգացման օրենքներին: Համայնքների կայուն զարգացումը, բնության հետ ներդաշնակ ապրելու անհրաժեշտությունը պարտավորեցնում են պատասխանատվությամբ վերաբերվել մեր գործունեությանը: Եթե մենք այսօր անտարբերության մատնենք խնդիրները, վաղը դրանց հետևանքները կարող են զգալ մեր երեխաները: Այն, ինչ անում ենք՝ կարևոր է էկոհամակարգի պահպանության համար: Բնապահպանական մեր գործունեությունը միտված է արդյունքներ ապահովելուն՝ երկարաժամկետ կտրվածքով, - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Համատեղ ծրագրով գործընկերները կլուծեն ոչ միայն բնապահպանական, այլև մասամբ մարզի բնակչության զբաղվածության խնդիրը: Դա իր հերթին կնպաստի մարզի սոցիալական ապահովության և տնտեսական վիճակի բարելավմանը։ «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնական աշխատողների գրեթե 80%-ը Լոռու մարզի բնակիչներ են։ Նրանք աշխատում են կազմակերպության երկու տնկարաններում, հայկական էնդեմիկ ծառերի սերմերից ստանում են տնկիներ և զբաղվում տնկիների խնամքով։ Ծառատունկի և խնամքի շրջանում այս տարի հիմնական աշխատողներին է միացել շուրջ 250 հոգի՝ դարձյալ Լոռու մարզից։
«Մենք գիտակցում ենք, որ պիտի աշխատենք հենց այսօր, որպեսզի 50 տարի անց Հայաստանն ունենա բավարար ջրային ռեսուրսներ։ Եթե հիմա չգործենք, վաղն արդեն ուշ կլինի։ Ուրախ ենք, որ Հայաստանում գործող ընկերությունները ևս կարևորում են անտառվերականգնման խնդիրը և միանում են մեզ՝ միասին իրականացնելու այս աշխատանքը։ Վիվա-ՄՏՍ-ն այս գործին մասնակից է դարձնում նաև իր աշխատակիցներին՝ որպես կամավորներ, ինչը նույնպես շատ կարևոր է, քանի որ մարդիկ անձամբ իրենց ներդրումն են ունենում, նաև ավելի լավ են գիտակցում, թե ինչ դժվար ու երկարատև գործ է անտառ հիմնելը»,- ասել է «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր և գլխավոր տնօրեն Անտրէ Գումուշճեանը:
Հայաստանում անտառվերականգնման նպատակով ստեղծված «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության տնկարաններում սերմերից աճեցվում է 15 տեսակի ծառ՝ տեղածին անտառային տեսակներից: Մասնավորապես՝ կաղնի, թխկի, բոխի, սոճի, հաճարենի, կեչի, վայրի խնձորենի, վայրի տանձենի և այլն: Խնամվող տնկիները մեկ-երկու տարուց տեղափոխվում են տնկադաշտ: Անհրաժեշտ խնամքը շարունակվում է նաև ծառատունկից հետո՝ շուրջ 3 տարի: Այդ ժամանակահատվածը բավարար է լինում համոզվելու, որ տարածքը մի քանի տարի հետո անտառ է դառնալու։
Ընթացիկ տարվա աշնանն ու գարնանը 20 000 ծառ տնկելու համար Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է 12,6 միլիոն դրամ: