Գործընկերություն՝ շրջակա միջավայրի պահպանության և համայնքների զարգացման համար
Հաջողված գործընկերության արդյունքը կարևոր ձեռքբերումներն են՝ ապաստարանի ստեղծում, թակարդ-տեսախցիկների միջոցով կենդանիների մշտադիտարկում և կովկասյան հովազի հայտնաբերում անհավանական թվացող հատվածում, ծառատունկ, մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտը մեղմող, արևի էներգիայով աշխատող էլեկտրական հովիվների տեղակայում, էկոկրթություն և այլն:
400 հա տափաստան հիշեցնող հողատարածքում շուրջ 13 տարի առաջ ստեղծվել է հատուկ պահպանվող, մասնավոր հիմունքներով գործող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR), որն առաջինն է Հարավային Կովկասում: Այժմ ապաստարանի տարածքը 20 հազար հեկտար է: Այստեղ տարեցտարի արձանագրվում է տարբեր, այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների քանակական լուրջ, շարունակական աճ: Այն նաև փորձարարական նշանակության յուրօրինակ միջավայր է: Ճշգրիտ հաշվարկների և թիրախային աշխատանքի արդյունքում այստեղ ստեղծվել է անտառակայան, էնդեմիկ ծառատեսակների աճեցման ջերմոց, վայրի կենդանիների կենտրոն, կենդանաբուժական կլինիկա, Էկոկրթական կենտրոն՝ դպրոցահասակների, համայնքի բնակիչների վերապատրաստման ու էկոտուրիզմի զարգացման համար: Գործընթացում ներգրավվել են ոչ միայն մասնագետներ ու միջազգային կառույցներ, այլև Ուրցաձոր համայնքի բնակիչներ:
Վիվա-ՄՏՍ-ն իր ներդրումն է ունեցել նաև արջերի փրկության ծրագրում: Բենզալցակայաններին, ռեստորանային համալիրներին կից տարածքներում անազատության մեջ պահվող արջերը տեղափոխվել են կարանտինային նախապահման կայան: Որոշ դեպքերում Վայրի բնության փրկարար կենտրոնին նաև հաջողվել է վերականգնման փուլն անցած քոթոթներին վերադարձնել վայրի բնություն։ Տարիների ընթացքում հաջողվել է փրկել շուրջ 40 արջ: Իսկ բնակավայրերում սնունդ հայթայթելու համար հայտնված արջերից ֆերմերային տնտեսութունները պաշտպանում են մեկ այլ ծրագրով: Վիվա-ՄՏՍ-ն ու FPWC-ն արևային էներգիայով սնուցվող էլեկտրական «հովիվներ» են տրամադրել Արարատի և Վայոց ձորի համայնքներին:
FPWC-ն տարիների ընթացքում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում տնկել է շուրջ 350 000 ծառ, որում Վիվա-ՄՏՍ-ը ևս ունի իր մասնաբաժինը։
Գործընկերները նպաստում են նաև մարզերում ենթակառուցվածքների զարգացմանը՝ ձգտելով մեղմել մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը: Կարևոր է համարվում էներգախնայող LED լուսավորության համակարգերի գործարկումը:
Պարբերաբար աջակցելով FPWC-ի բնապահպանական նախագծերին՝ Վիվա-ՄՏՍ-ը կիսում է նրանց գաղափարները՝ պահպանել Հայաստանի հարուստ բնությունն ապագա սերունդների համար և ապահովել համայնքների կայուն տնտեսական զարգացումը։