Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում. Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա - 2 Ապրիլի 2024 - Հ24
/ Տնտեսական / Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում. Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա

Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում. Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա

02.04.2024   12:37 670 Տնտեսական

Վարդանը սիրում է նվագել, բայց՝ ակադեմիական կրթությունից տարբերվող, անսովոր մոտեցմամբ: Ճանաչում է նոտաները, բայց դրանց նայելու անհրաժեշտություն գրեթե չունի. հիշողությունը ֆենոմենալ է:  Երաժշտության նկատմամբ առաջին արձագանքն ու այն նույնությամբ վերարտադրելու փորձն արել է 5 տարեկանում, երբ սկսել է հաճախել Երեխաների զարգացման միջազգային կենտրոն, որն այժմ «Աուտիզմ» ազգային հիմնադրամի «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնն է։ Վարդանի արտասովոր ունակությունները բացահայտած երաժշտաթերապևտ Մարինա Մելիքսեթյանն այդ առանձնահատկությունը դարձրել է երեխային ներփակված աշխարհից մեկ այլ իրականություն տանելու կամուրջ: Մասնագետների, ծնողների և «Իմ ուղի» կենտրոնի գործընկեր Վիվա-ՄՏՍ-ի՝ տարիների հաջողված աշխատանքը Վարդանին երաժշտաթերապիայից հասցրել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ, ապա՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:

«Արդեն երեսուն տարի դասավանդում եմ կոնսերվատորիայում: Ինձ մոտ տարբեր ունակություններով մարդիկ են սովորում: Յուրաքանչյուրը մոտեցման իր ձևն է պահանջում: Վարդանն առաջինն է, որի հետ շփումը տարբերվում է. ես չգիտեի պրոֆեսիոնալ խնդիրներն ինչպես իրեն մատուցել: Հետո հասկացա, որ ինքը շատ յուրահատուկ տղա է, ֆանտաստիկ ունակություններ և հիշողություն ունի, էմոցիոնալ ինֆորմացիան շատ լավ է ընկալում: Անգամ ձեռքի շարժումը, որը կախված է ֆրազայից, միանգամից է զգում: Ինձ թվում է՝ գտել եմ իր հետ հաղորդակցվելու հատուկ լեզուն: Եթե մեզ հաջողվի պատրաստվել և նվագախմբի հետ կատարել Բախի հայտնի կոնցերտը, հրաշք կլինի», - ասել է կոնսերվատորիայի դասախոս Էռնեստ Մանգուլյան։

Արդեն 17 տարի Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է աուտիզմ ունեցող երեխաների խնդիրներով զբաղվող կենտրոնին: Այդ նպատակով այս տարիների ընթացքում ներդրել է ավելի քան 246 մլն դրամ:  «Իմ ուղին» իր աշխատանքն սկսել է 2006 թվականին՝ 5 մասնագետի հետ աջակցելով 5 ընտանիքի: Այսօր կենտրոն է հաճախում 200 երեխա, ևս 12-ը միացել են Արցախից: 60 մասնագետ իրականացնում է կրթաբուժական համալիր ծրագիր՝ խոսքի զարգացման, արվեստի, այդ թվում՝ երաժշտության, զբաղվածության, ավազաթերապիայի և այլի միջոցով: Կենտրոնի աշխատակիցները պարբերաբար վերապատրաստվում են: Նրանց համար ամենամեծ նվաճումը տարեվերջին արձանագրվող արդյունքն է՝ սաների աշխարհընկալման փոփոխությունն ու հաղորդակցվելու պատրաստ երեխաների թվի աճը: Կենտրոնն ունի իր կարգախոսը՝ «Ես ձեզ նման չեմ, ես ձեզնից մեկն եմ»:

«Առանց սիրո էս ոլորտում դժվար կլիներ աշխատել: Ինչ որ հաղթահարել ենք, հաղթահարել ենք քայլ առ քայլ՝ գործընկերների և ծնողների ներգրավմամբ: Միշտ Վիվայի գործունեությունը եղել է երկար տարիների և շարունակական: Ամենամեծ արդյունքն այդ շարունակելիության մեջ է: Մենք ունենք Թերլեմեզյանում սովորող, ունենք աշխատող: Էս տարիների ընթացքում կարողացել ենք բավականին հաջողված պատմություններ ունենալ: Նորից պիտի նշեմ, որ դա հաջողված գործընկերությունների շնորհիվ է, և ամենակարևորներից մեկն իհարկե Վիվա-ՄՏՍ-ի հետ գործընկերությունն է»,-ասել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամի տնօրեն Լիլիթ Աթաջանյանը:

«Իմ ուղի» կենտրոնն անցկացնում է աուտիկ սպեկտրի խնդիրներ ունեցող երեխաների և դեռահասների համար նախատեսված՝ հատուկ, տարիքային, լավագույն փորձի վրա հիմնված թերապիա և մասնագիտական ուսուցում, ստեղծում է նրանց հետագա զարգացման և հասարակության մեջ ինտեգրվելու հիմքեր՝ աշխատանքի հետագա հնարավորություններով:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 3
    Հյուրեր. 3
    Անդամներ. 0