«Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին այցելել է Viva-ի գրասենյակ - 16 Նոյեմբերի 2024 - Հ24
/ Տնտեսական / «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին այցելել է Viva-ի գրասենյակ

«Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին այցելել է Viva-ի գրասենյակ

16.11.2024   09:24 399 Տնտեսական

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2023 թ․ դափնեկիր, «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին հյուրընկալվել էր Viva-ի գրասենյակում՝ համատեղ մամուլի ասուլիսի մասնակցելու նպատակով։ Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՀՀ նախագահի նստավայրում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ` Հայաստանում այցով գտնվող Նարայանա Մուրտին կստանա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում վաստակած մրցանակը։ Viva-ն 14 տարի անընդմեջ մրցանակաբաշխության գլխավոր գործընկերն է։  

Մամուլի ասուլիսին մասնակցում էին մրցանակի դափնեկիրը՝ Նարայանա Մուրտին,  Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն և մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը։

Ներկաներին ողջունեց Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։    

«Ուրախ եմ ողջունելու պարոն Նարայանա Մուրտիին մեր ընկերությունում: Պարոն Մուրտին բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներից է։ «Infosys»-ը ծրագրային ապահովման ծառայությունների համաշխարհային առաջատար է, որի համբավը ծրագրային ապահովման, ֆիզիկական և տեխնոլոգիական ենթակառուցվածքների ոլորտում անհերքելի է: Viva-ն մշտապես աջակցում է մեր երկրի ՏՏ ոլորտին․ ընկերությունը 14 տարի շարունակ այս կարևոր նախաձեռնության կողքին է: Հայաստանում տարեցտարի ավելանում է տեխնոլոգիական ընկերությունների և ստարտափների թիվը, ինչը վկայում է երկրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զգալի ներուժի մասին։ Այսօրվա հանդիպումը հիանալի հնարավորություն է այս ներուժի առկայությունը ևս մեկ անգամ արձանագրելու և ապագայի մեր տեսլականը վերանայելու և վերաիմաստավորելու համար: Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցում են այս կարևոր նախաձեռնությանը, և վստահ եմ, որ միասին մենք կկարողանանք նշանակալի ներդրում ունենալ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների հետագա զարգացման գործում», - ասել է Արմեն Ավետիսյանը։

«Մեծ պատասխանատվություն է Հայաստանի համար ունենալ պետական մրցանակ և այն հանձնել տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ մարդկանց, որոնք իրենց ազդեցությունն են թողել աշխարհում տեխնոլոգիաների զարգացման վրա։ Մեր նպատակն է գիտելիքահենք, տեխնոլոգիական նորարար լուծումների վրա հիմնված տնտեսության զարգացումն ու առաջընթացը, ինչն արտացոլված է ՀՀ կառավարության ծրագրերում։ Եվ յուրաքանչյուր տարի անցկացվող այս մրցանակաբաշխությունը, որը Հայաստան է բերում ոլորտի հսկաներին, մարդկանց, որոնք իրենց գործունեությամբ ու աշխատանքով փոխել ու փոխում են աշխարհը, ևս մեկ հաստատումն է մեր նպատակուղղված աշխատանքի՝ դառնալու աշխարհի համար ճանաչելի՝ որպես տեխնոլոգիական հաբ։ Նարայանա Մուրտիի անցած ճանապարհն օրինակ կարող է լինել շատ-շատ երիտասարդների համար՝ ձգտել ու հասնել առավելագույնի սեփական տաղանդի և աշխատասիրության շնորհիվ։ Եվ վստահ եմ, որ այս մրցանակաբաշխության շնորհիվ, Նարայանա Մուրտիի հետ հանդիպումներից հետո այդ երիտասարդների թիվը մեր երկրում ավելանալու է՝ ոգեշնչվելով նրա խոսքով, հեղինակությամբ ու ձեռքբերումներով»,- նշել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։

«Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանը ամեն տարի հյուրընկալում է ՏՀՏ ոլորտի լեգենդներին։ Մեր տվյալներով, Հայաստանը միակ երկիրն է, որը մեծարում է ՏՀՏ ոլորտում նշանակալի ներդրում ունեցած անձանց։ Ինչպես ասել է մրցանակաբաշխության երկրորդ դափնեկիր Սթիվ Վոզնյակը․ «Այս մրցանակը ՏՀՏ ոլորտի Նոբելյան մրցանակն է», ինչը մեզ մի կողմից շատ ոգևորում է, իսկ մյուս կողմից՝ մեծ պատասխանատվություն է: Սա ևս մեկ կարևոր քայլ է՝ Հայաստանը աշխարհում ներկայացնել որպես մի երկիր, որը մեծարում է միջազգային տեխնոլոգիական լեգենդներին»,- ասել է «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն և մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, որը բոլորին ներկայացրեց Մուրտիի կենսագրությունը։

Նարայանա Մուրտին Հնդկաստանի ՏՏ հեղափոխության մեջ առանցքային դեր է ունեցել: Նա իր տեսլականով, առաջնորդությամբ և բացառիկ ձգտումով «Infosys»-ը վերածել է բարձր նորարար ծրագրային ծառայություններ առաջարկող համաշխարհային ընկերության, որը 2024թ. փետրվարի դրությամբ Նյու Յորքի և Բոմբեյի (Մումբայի) ֆոնդային բորսաներում ցուցակագրված է մոտավորապես 18 մլրդ․ ԱՄՆ դոլար եկամուտով և ունի 82,87 մլրդ․ ԱՄՆ դոլար շուկայական կապիտալիզացիա: Նարայանա Մուրտին մեծացել է համեստ միջավայրում, սակայն դարձել է իրական առաջնորդ և համաշխարհային շուկայի դռները բացել Հնդկաստանի բազմաթիվ տաղանդավոր մարդկանց առջև։

2014 թվականին, Մուրտին CNBC-ի 25 համաշխարհային բիզնես առաջնորդների ցանկում զբաղեցրել է 13-րդ տեղը։ «Fortune» ամսագիրը 2012 թվականին նրան ներառել է «Մեր ժամանակների 12 ձեռներեցները» ցուցակում։ 2008 թվականին Հնդկաստանի կողմից արժանացել է Պադմա Վիբհուշան քաղաքացիական մրցանակին, նույն թվականին Ֆրանսիայի կողմից՝ «Պատվո լեգիոնի շքանշանի ասպետ», իսկ 2007 թվականին՝ «Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր» տիտղոսներին։ 2005 թվականին «The Economist»-ը Մուրտիին ներառել է «10 ամենաակնածելի համաշխարհային բիզնես առաջնորդները» ցանկում։ 2015 թվականի մարտին, Մուրտին հայտնվել է «The Financial Times»-ի «Տեխնոլոգիական ոլորտի բիզնես առաջնորդների» թոփ 10-ում։

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը և միանալ նախկին դափնեկիրների նշանավոր շարքին, ովքեր նշանակալի ներդրում ունեն տեխնոլոգիական աշխարհում: Այս մրցանակը ընդգծում է նորարարության կենսական դերը առաջընթացի մեջ, և ես ոգևորված եմ Հայաստանի և համաշխարհային տեխնոլոգիական համայնքի միջև պոտենցիալ  համագործակցության հնարավորություններով՝ շարունակելու առաջ մղել այդ ջանքերը»,- իր խոսքում նշել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2023 թ․ դափնեկիր Նարայանա Մուրտին։

2024 թվականի նոյեմբերի 15-ին շրջանառության մեջ է դրվում երկու նամականիշով գեղաթերթիկ և հատուկ ծրար՝ նվիրված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային:

Գեղաթերթիկի յուրաքանչյուր նամականիշն ունի 400 ՀՀ դրամ անվանական արժեք: Գեղաթերթիկի նամականիշերի վրա պատկերված են մրցանակակրին տրվող հուշախորհրդանիշը և ոսկե մեդալը: Գեղաթերթիկի վրա առկա է «ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Հատուկ ծրարի վրա պատկերված է 2023 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 14-րդ դափնեկիրը՝ «Ինֆոսիս» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին:

Հատուկ ծրարի վրա փակցված է 2024 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշով գեղաթերթիկը:

Հատուկ ծրարի վրա փակցված է 2024 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշով գեղաթերթիկը:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի նախորդ տարիների մրցանակակիրներներն են․

-Քրեյգ Ռ. Բարեթ` «Ինտել» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ (2010)

-Ստիվ Վոզնյակ` «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր (2011)

-Ֆեդերիկո Ֆաջին` «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ (2012)

-Ցուգիո Մակիմոտո` Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն (2013)

-Մարիո Մացցոլա` «Cisco systems» ընկերության Զարգացման գծով նախագահ (2014)

-Եվգենի Կասպերսկի` «Kaspersky Lab» ընկերության  Գլխավոր տնօրեն (2015)

-Լուի Պուզեն` «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի առաջամարտիկներից մեկը (2016)

-Թոնի Ֆադել` «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, «iPod» ապրանքանիշի ստեղծող (2017)

-Դոկտոր Ջեյմս Թրուշարդ՝ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր (2018)

-Դոկտոր Տակեո Կանադե՝ Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր (2019)

-Դոկտոր Չի-Ֆուն Չան՝ «Սինոփսիս» ընկերության գլխավոր գործադիր համատնօրեն (2020)

-Լեոն Ստոկ՝ «IBM» ընկերության Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ (2021)

-Շանթանու Նարայեն՝ «Adobe» ընկերության նախագահ (2022)


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0