«Կանաչ մտածողություն», պայքար սողանքների դեմ և աշխատանք` համայնքներում
«Կանաչ մտածողություն», պայքար սողանքների դեմ և աշխատանք` համայնքներում Viva-ն և «Իմ Անտառ Հայաստան» կազմակերպությունը դարձյալ անտառ են ստեղծում
Ծառերից և ամուր բուսականությունից զրկված թեք լանջերը կլիմայական փոփոխության հետևանքով կարող են սողանքների պատճառ դառնալ: Տարիներ առաջ, Լոռու մարզի՝ լեռնային լանդշաֆտ ունեցող որոշ հատվածներում զգացել են բնության անկանխատեսելիության հետևանքները: Դրանցից մեկն էլ Լեռնաջուր համայնքն է, որի բարձրադիր լեռներից մեկի լանջին, ուշ աշնանը անտառ է ստեղծվում: Ընդամենը 11% անտառածածկույթ ունեցող Հայաստանում, դա կարևոր է՝ սողանքների և անապատացման դեմ պայքարում: Տեսանյութն այստեղ
Viva-ն գործունեության սկզբից բնապահպանական տարբեր ծրագրեր է իրականացրել: Իսկ երեք տարի առաջ սկսել է համագործակցել «Իմ Անտառ Հայաստան» կազմակերպության հետ: Գործընկերության հիմքում կարևոր նպատակներ են. ամրապնդել «կանաչ մտածողության» շուրջ համախմբվելու գիտակցությունը, ընդլայնել Հայաստանի անտառային ծածկույթը՝ այսպիսով կանխարգելելով սողանքներն ու անապատացումը, նպաստել ջրային ռեսուրսների պահպանմանն ու համայնքներում՝ բնակչության զբաղվածությանը:
Լոռու մարզի երեք համայնքում զգալի աշխատանք է կատարվել: 2022 թվականին, Viva-ի անվանական անտառը ստեղծվեց Ջրաշեն համայնքի տարածքում, որին կամավորագրվեցին Viva-ի աշխատակիցները, հաջորդող տարիներին անտառտնկումներն իրականացվեցին սողանքներից չերաշխավորված երկու համայնքում՝ Ուրասարում և Լեռնաջուրում։ Բոլոր վայրերում օգտագործվել է տեղի բնակչության աշխատուժը: Ընդհանուր առմամբ տնկվել է շուրջ 38 000 ծառ:
«Մեր նպատակը անտառ ստեղծելն է: Անտառը համակարգ է, որը կարգավորող և բազմաթիվ բնական աղետները կանխող գործառույթներ է իրականացնում: Սողանքներն ամեն տարի չեն լինում, բայց երբ լինում են, հսկայական վնասներ են բերում: Նույն Ուրասարում, որտեղ անցյալ տարի էինք տնկել, դարձյալ սողանքների հետքերը կան: Անտառը, որը ստեղծում ենք Viva-ի հետ, դառնալու է հենց այդ կանխարգելիչ միջավայրը, էկոհամակարգը և տարածքը պաշտպանելու է մեծ ու փոքր բնական աղետներից: Մեզ համար խիստ կարևոր է այս համագործակցությունը ոչ միայն այն պատճառով, որ Viva-ն բնապահպանական, պատասխանատու մոտեցումը տարածում է իր աշխատակիցների, հաճախորդների և բնակչության շրջանում, այլ որովհետև՝ երկարաժամկետ համագործակցությունը մեզ թույլ է տալիս նաև պլանավորել մեր աշխատանքը երկարաժամկետ կտրվածքով»,- ասել է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը:
Տարածքների ընտրության հարցում հաշվի են առնվում տեղանքի խոնավությունը, դիրքը, ծառերի կպչողունակությունը և անտառ դառնալու հնարավորությունները: Լեռնաջուրում այս աշնանը «Իմ անտառ Հայաստանն» աշխատել է 100 հա տարածքի վրա: Ընտրվել են փակ և բաց արմատային համակարգով տնկիներ. վայրի տանձ, խնձոր, կաղնի և այլ ծառատեսակներ: Որպես աշխատուժ՝ համայնքներից հավաքագրվել է 100 աշխատակից: