Կարկանդակ «Սանտյագո»
Սանտյագոն՝ նույն ինքը սուրբ առաքյալ Յակովը, համարվում է Իսպանիայի հովանավորը, իսկ նրա օրը նշում են հուլիսի 25-ին: Սանտյագոն մականուն ունի՝ matamoros, ինչը նշանակում է «մավրերին սպանող»: Լեգենդի համաձայն՝ Յակով ասպետի ղեկավարությամբ են Իսպանիայի քրիստոնյա ռազմիկները կռվել մահմեդականների դեմ:
Հետո նրա պատվին կարկանդակ են հորինել: Այն զարդարում են սրի պատկերով, որն էլ հայտնի է որպես սուրբ Յակովի խաչ: Նուշից այս համեղ կարկանդակը Գալիցիայի ամենահայտնի աղանդերն է:
Բաղադրիչները
- 1 մեծ ձու
- 125 գ ալյուր
- 125 գ շաքարավազ
- 1թ.գ. աղացած դարչին
- 100 գ մի փոքր ավել կարագ
- շաքարի փոշի՝ մատուցելու համար
Միջուկի համար
- 500 գ մաքրած նուշ
- 500 գ շաքարավազ
- 8 ձու
- 1թ.գ. աղացած դարչին
- 1 կիտրոնի կեղև
Պատրաստման եղանակը
- Խմորի համար լայն ու խորը պնակի մեջ ջարդեք մեծ ձուն, խառնեք 2-3 ճ.գ. սառը ջրի, աղացած դարչինի ու շաքարի հետ: Քիչ-քիչ ավելացնելով հալած կարագն ու ալյուրը՝ խմոր հունցեք:
- Սեղանին ալյուր ցանեք, խմորը բացեք մոտ 32 սմ տրամագծով շրջանակի ձևով: Մոտ 28 սմ տրամագծով տապակին կարագ քսեք, տապակի մեջ լցրեք խմորը՝ հավասարեցնելով ծայրերը:
- Միջուկի համար նուշը մանր կտրատեք կամ հարեք բլենդերի մեջ:
- 8 ձվերը հարեք շաքարի, աղացած դարչինի ու կիտրոնի աղացած կեղևի հետ: Ավելացրեք աղացած կամ մանր կտրատած նուշը՝ մի փոքր մաս առանձնացնելով ձևավորման համար: Միջուկը մի փոքր էլ հարեք ու լցրեք խմորով տապակի վրա: Վրան ցանեք մնացած նուշը:
- Տապակը տեղադրեք 190 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում, մինչև կեղևը ոսկեգույն երանգ ստանա, մոտ 30 րոպե:
- Արդեն պատրաստի կարկանդակը հանեք տապակից, թողեք՝ հովանա, վրան շաքարի փոշի ցանեք, մատուցեք:
Խորհուրդ: Որպեսզի կարկանդակը նման լինի օրիգինալին, կարող եք թղթին կարկանդակի չափերին համապատասխան սուր նկարել, կտրել այն, օգտագործել որպես տրաֆարետ. դնել կարկանդակի վրա, ողջ կարկանդակի վրա կակաոյի փոշի ցանել: Երբ տրաֆարետը զգուշորեն բարձրացնեք, կարկանդակի վրա կմնա ասպետի սպիտակ թրի պատկերը: