«Կինը…». Վիվա-ՄՏՍ-ի նախագիծը՝ նվիրված կանանց միամսյակին - 17 Ապրիլի 2023 - Հ24
/ Տնտեսական / «Կինը…». Վիվա-ՄՏՍ-ի նախագիծը՝ նվիրված կանանց միամսյակին

«Կինը…». Վիվա-ՄՏՍ-ի նախագիծը՝ նվիրված կանանց միամսյակին

17.04.2023   12:00 35033 Տնտեսական

Կանանց միամսյակի կապակցությամբ՝  Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ ընկերությունը ներկայացրել է «Կինը․․․» նախագիծը․ հինգ պատմություն հինգ հաջողակ կանանց մասին։ Նախագծի հերոսուհիները պատմում են իրենց երազանքների մասին, այն մասին, թե ինչպես են հիմնել և զարգացրել իրենց բիզնեսը, ինչպես են հաղթահարում խոչընդոտները և ինչ հաջողությունների են հասել: Նախագծի առաջնային նպատակն էր ոգեշնչել հայ կանանց ստեղծագործելու ու առաջ շարժվելու՝ եթե կա սեփական բիզնեսը հիմնելու գաղափար ու ցանկություն:

Առաջին պատմության հերոսուհին երգչուհի, «Մախմուր» ձեռագործ պայուսակների բրենդի հիմնադիր Արփին է: «Մախմուր աղջիկ»  երգը (հեղինակ՝ Խաչատուր Ավետիսյան) երգչուհու կատարմամբ նոր շունչ ստացավ և արդյունքում ստեղծվեց մի բիզնես, որով այսօր լցվում է Արփիի կյանքը։ «Այսօր կինը շատ մեծ տեղ ունի ժամանակակից աշխարհում և նա պետք է տեսնի, թե ինչն է իրեն էներգիա տալիս, ինչից է այն քաղում, ստանում, որովհետև նա դա տալու է դիմացինին»։

Երկրորդ պատմության հերոսուհին Լինա Գագիկյանն է՝ «Piafchik Handmade» ձեռագործ զարդերի բրենդի հիմնադիրը: Բրենդն առաջարկում է ազգային մոտիվներով արույրից (լատունից) զարդեր, որոնց նպատակը ոչ միայն նորաձևության մաս լինելն է, այլև կրել յուրօրինակ սիմվոլիկա, որը խորհրդանշում է հային, հայկական ավանդույթներն ու խորհուրդները։ Լինան երազում է «Piafchik»-ը տեսնել միջազգային նորաձևության բեմերում, որով կարող է ճանաչելի դարձնել հայկական մշակութային տարրերը։ «Սիրե՛ք ձեր գաղափարները, և, եթե սիրեք, թեկուզ փոքր քայլերով առաջ գնալով անպայման կհաջողեք»։

Հաջորդ տեսանյութը պատմում է «CarolinaArt»-ի հիմնադիր, նկարչուհի Կարոլինա Մարկոսյանի մասին։ Նա նկարում է կերամիկայի և ապակու վրա՝ օգտագործելով հայկական ավանդական գորգանախշերն ու թռչնագրերը, պահպանում հայկական նկարչական արվեստին բնորոշ բոլոր գույները և համադրությունները, ինչպես նաև ստանում նոր երանգներ և նոր շունչ տալիս նկարչությանը։ Կարոլինան նաև նվերներ է պատրաստել Հոլիվուդի  «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության համար՝ 8 օրում նկարելով 95 թեյնիկ։ «Մեր հայ կանայք բոլորը բազմաշնորհ են։ Կինը պետք է ինքնաբավ լինի։ Կապ չունի՝ աշխատում է, հոգս ունի, տանը գործեր ունի, երեխաներ, ամուսին։ Մարդ պետք է իր սիրելի գործով զբաղվի, որ դառնա ինքնաբավ, իսկ ինքնաբավ մարդը միշտ լինում է բարի և վատ բան երբեք չի անում»։

Չորրորդ պատմության հերոսուհին Ալավերդիում գործող «Իրիս» հյուրատան հիմնադիր Իրինա Իսրայելյանն է, որը հայկական հյուրընկալությամբ ու մեծագույն սիրով բազմաթիվ զբոսաշրջիկներին է ցույց տալիս Հայաստանի գեղեցկությունը: Քսանյոթ տարվա մանկավարժական գործունեությունից հետո սկսել է անգլերեն սովորել, յուրացնում է թվային մարքեթինգը,  քանի որ իր համար «ուշ» հասկացություն չկա։ Թվում է՝ արտասահմանցին ամեն ինչ ունի, ամեն ինչ տեսել է, բայց հերոսուհին ամեն օր հիացական խոսքեր է  լսում Հայաստանի և հայերի նիստուկացի մասին, հայկական սովորույթների մասին։ «Հայ կինն ի սկզբանե ուժեղ է իր բնույթով, իր գենետիկայով։ Ոչ մի ազգ չգիտեմ, որտեղ հայ կնոջից շատ տղամարդու կողքին կանգնած ու պայքարած կին լինի։ Ֆրանսիան մի Ժաննա դ՛Արկ ունի, արձան է կանգնեցվել, բայց Հայաստանում այդքան արձան չի տեղավորվի»։

Եզրափակող տեսանյութի հերոսուհին լուսանկարիչ Անիտա Մատինյանն է, որի ֆոտոստուդիան զբաղվում է հատկապես նորածինների լուսանկարմամբ: Ինչպես Անիտան է ասում՝ եթե կա նպատակ, ուրեմն անպայման պետք է գնալ դրա հետևից: Նա վստահ է՝ մայրությունն իր համար նախևառաջ ինքնաբացահայտում է, որովհետև միայն մայր լինելուց հետո ես հասկանում, թե որքան ուժեղ ես։ «Վստահ եմ, որ յուրաքանչյուր կին ունի շատ մեծ պոտենցիալ, որ կարող է շատ բան տալ աշխարհին, ու եթե ունի նպատակներ, գաղափարներ, բիզնես իդեաներ, բայց ունի դրանք իրականացնելու մտավախություններ, անպայման պետք է անի այդ համարձակ քայլը, թռիչք կատարի դեպի առաջ՝ դեպի նպատակներ»։

«Կինը…» նախագիծը նվիրված է կանանց միամսյակին, և այն նորովի է ներկայացնում  կնոջ դերը ժամանակակից աշխարհում: Բոլոր տեսանյութերը հասանելի են ընկերության ֆեյսբուքյան էջում և յութուբյան ալիքներում:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 2
    Հյուրեր. 2
    Անդամներ. 0