Լեոն Ստոկն այցելել է Վիվա-ՄՏՍ՝ մամուլի համատեղ ասուլիսի մասնակցելու - 7 Սեպտեմբերի 2022 - Հ24
/ Տնտեսական / Լեոն Ստոկն այցելել է Վիվա-ՄՏՍ՝ մամուլի համատեղ ասուլիսի մասնակցելու

Լեոն Ստոկն այցելել է Վիվա-ՄՏՍ՝ մամուլի համատեղ ասուլիսի մասնակցելու

07.09.2022   18:00 71073 Տնտեսական

Մամուլի հաղորդագրություն

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2021 թ․-ի դափնեկիր, IBM-ի Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ Լեոն Ստոկն այցելել է Վիվա-ՄՏՍ՝ մամուլի համատեղ ասուլիսի մասնակցելու

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2021 թվականի դափնեկիրը IBM-ի Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահը Լեոն Ստոկն է:  Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, ՀՀ նախագահի նստավայրում կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակ, Հայաստան ժաամանած Լեոն Ստոկին հանձնվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նրա արժանի վաստակը գնահատող մրցանակը: Տասներկու տարի անընդմեջ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի գլխավոր գործընկերն է Վիվա-ՄՏՍ ընկերությունը:

Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտում 13 գյուտի արտոնագիր ունեցող գիտնականն այսօր այցելել էր Վիվա-ՄՏՍ՝ մամուլի համատեղ ասուլիսի մասնակցելու և մտքերի փոխանակության համար: 

Մամուլի ասուլիսի ընթացքում լրատվամիջոցների հարցերին են պատասխանել մրցանակի դափնեկիր Լեոն Ստոկը, Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, մրցանակաբաշխության աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը: 

Լեոն Ստոկի աշխատանքային հարուստ կենսագրությունը ներկայացրել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը: Ստոկի հիմնական ներդրումը նորարարական չիպերի ստեղծումն է IBM-ի այնպիսի արտադրանքների համար, ինչպիսիք են Automation, Robotics, Artificial intelligence, Cloud computing, Consulting, Blockchain, Computer hardware, Software, Quantum computing մշակումները: Դրանք  ապահովում են IBM-ի հիմնական ուժեղ կողմերը՝ ամպային տեխնոլոգիաների, տվյալների վերլուծության, բջջային, սոցիալական և անվտանգության համակարգերի բիզնեսներում։ Լեոն Ստոկի թիմը մշակում է համաշխարհային կարգի նախագծման և ստուգման հոսքեր և ծրագրային գործիքներ, որոնք օգտագործվում են աշխարհի ամենամեծ գերհամակարգիչների՝ IBM Z և Power համակարգերի, ինչպես նաև IBM Quantum համակարգերի նախագծման համար։ «Այս մրցանակաբաշխությունը կարևոր դեր է խաղում աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա Հայաստանի հստակ տեղն ամրագրելու հարցում: Նման գիգանտ ընկերությունների առաջին դեմքերի այցելը Հայաստան՝ նպաստում է մեր երկրում զգալի նեդրումների խթանմանն ու բիզնես համագործակցությունների կայացմանը», - եզրափակել է Երվանդ Զորյանը: 

«Առօրյայում մենք հաճախ չենք զգում, որ աշխարհն իր քաղաքակրթական ձեռքբերումներով պարտական է կոնկրետ անհատների՝ իրենց գյուտարարության, իսկ հետագայում՝ նաև դրանց մասսայականացման համար: Պարոն Ստոկն այդ գիտնականներից մեկն է: Այն, որ մրցանակի գործընկերը ՄՏՍ-ի դուստր ձեռնարկությունն է, ամենևին պատահական չէ: Հեռահաղորդակցությունը բիզնես է, որը կարող է միավորել, մեծ հնարավորություններ ստեղծել ու պահանջարկ ձևավորել գիտության զարգացման, տեխնոլոգիական ու ՏՏ լուծումների, մեդիայի, բիզնեսի զարգացման, մարդու զարգացման ու նրա առօրյա կյանքը հեշտացնելու համար: Մենք տարիներ շարունակ եղել և մնում ենք ՏՀՏ համայնքի կողքին՝ համաշխարհային կարևոր ներդրում ունեցած դափնեկիրներին Հայաստանում ներկայացնելու և ՏՀՏ քարտեզի վրա Հայաստանի դերն ամրապնդելու համար: Այս մրցանակի շնորհիվ բազմաթիվ հայ երիտասարդներ ոգեշնչվում են և լուրջ մոտիվացվում՝ ձգտելով ոտք չդրած արահետներով գնալ դեպի հաջողության նոր պատմություններ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը ՀՀ նախագահից, և ես շնորհակալ եմ մրցանակաբաշխության կոմիտեին և միջազգային ընտրող հանձնաժողովին՝ ինձ որպես ՏՏ համաշխարհային մրցանակի դափնեկիր ընտրելու համար: Ես տպավորված եմ այն ​​տաղանդով, որ տեսնում եմ Հայաստանում և այն ոգևորությամբ, որ զգում եմ իմ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վիվա-ՄՏՍ-ին այս մրցանակը հովանավորելու և այսօր մեզ հյուրընկալելու համար: Հեռահաղորդակցությունը հսկայական դեր է խաղում ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում և ես ուրախ եմ Հայաստանում տեսնել այսպիսի առաջադեմ ընկերություն: Երկուշաբթի ես այցելեցի «Սինոփսիս Արմենիա»-ի կրթական բաժինը և զարմացա՝ տեսնելով ուսանողներին և դասախոսներին, որոնք մշակում են գործընթացների նախագծման փաթեթներ (three nanometers process design kits): Սրանք աշխարհի ամենաառաջադեմ տեխնոլոգիաներից մի քանիսն են, և հիանալի է, որ Հայաստանում ուսանողները կարողանում են գործընթացների նախագծման փաթեթներ տրամադրել մնացյալ աշխարհի ուսանողներին՝ դրանք օգտագործելու համար», - ասել է դոկտոր Ստոկը: 

«Շնորհակալություն եմ հայտնում ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի միջոցառումը կազմակերպելու և բարձր մակարդակով իրականացնելու համար։ Վստահաբար այն լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի տեղն ու դերը համաշխարհային ՏՏ ոլորտում ամրապնդելու և բարձրացնելու համար: Ի թիվս կարևոր այլ թիրախների՝ մրցանակը միտված է երիտասարդների շրջանում ՏՀՏ ոլորտում կայացած և հաջողակ մասնագետի կերպարի ստեղծմանն ու տարածմանը: Հայաստանում կան խոստումնալից երիտասարդներ, որոնք կոգևորվեն այս մրցանակի դափնեկիրների հաջողություններով և նրանց օրինակով կընտրեն ՏՀՏ-ն որպես ապագա մասնագիտություն», - ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:

«Այս մրցանակաբաշխությունն ունի կարևոր առաքելություն. մեր երկիր բերել մարդկության կյանքի ընթացքը փոխելու հարցում հեղափոխական ներդրում կատարած, համաշխարհային ճանաչում ունեցող լեգենդների և նրանց անցած ճանապարհը ներկայցնել հայ երիտասարդներին: Դա ուսանելի և հետաքրքիր փորձ է ոչ միայն նրանց, այլև գիտակրթական տեխնոլոգիական ոլորտի հանրության համար»,- ասել է մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները կարգավորող, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Բացման խոսքին հետևեց հարցուպատասխան:  

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի նախորդ մրցանակակիրներն են՝ 

«Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը (2010 թ.) 
«Էփլ Քոմփյութերս» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011 թ.)
«Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը (2012 թ.)
Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ Ցուգիո Մակիմոտոն (2013 թ.)
«Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան (2014 թ.)
«Կասպերսկի լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին (2015 թ.)
«Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի համահիմնադիր Լուի Պուզեն (2016 թ.) «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադել (2017 թ.)
 Նեյշնլ Ինսթրումենթս ընկերության համահիմնադիր Դր Ջեյմս Թրուշարդ (2018 թ)
«Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանը (2020 թ)  

Մրցանակաբաշխության հիմնական նախաձեռնողն ու կազմակերպիչները Սինոփսիս Ինք․ ընկերությունն է և նրա Սինոփսիս Արմենիա ստորաբաժանումը։


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0