«Մեծ երազիր՝ փոքրից սկսիր». արցախցի Աննան՝ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից
Ինչպե՞ս սկսել բիզնես և նպաստել երկրի տնտեսության զարգացմանը: Արցախցի Աննան «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի մասնակից է դարձել՝ հաջողված ստարտափ ընկերությունների պատմությունները լսելու, ուրիշների փորձից դասեր քաղելու, սեփական արվեստանոցն ստեղծելու և հայկական ջնարակ արտադրելու վճռականությամբ: Տարիներ առաջ Արարատի մարզի Զորակ գյուղում կավագործություն սովորած Աննան չի պատկերացրել, որ կյանքի կտրուկ շրջադարձից ու տեղահանվելուց հետո իր առջև ստարտափ էկոհամակարգն ուսումնասիրելու դռներ կբացվեն: «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի շնորհիվ ավելի վճռական է դարձել: Սկսել է մտածել, որ նախասիրությունը կարելի է բիզնես-նախագիծ դարձնել և իր էսքիզներով կրծքազարդերը ստեղծելիս օգտագործել սեփական արտադրության ջնարակ: Այդ հարցում նրան խրախուսել է նաև Զորակի կավագործության ուսուցիչը:
«Հաճախում էի կավագործության և արդեն որոշակի հմտություններ ունեի: Հետո սկսեցի մասնակցել նաև «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրին, որոշեցի այդ երկուսը համատեղել և սկսել իմ բիզնեսը: Գիտեի, որ լինելու են սեմինարներ արդեն հաջողած մասնագետների հետ: Ուզում էի ծանոթանալ նրանց փորձին, ստանալ խորհուրդներ, իմանալ, թե որտեղ են սխալվել, և ավելի արագ հասնել իմ նպատակին: Հարկավոր է սովորել ուրիշների սխալներից և դրանք օգտագործել նպատակների իրականացման ճանապարհին: Ես իմ կարգախոսն ունեմ. «Մեծ երազիր՝ փոքրից սկսիր»: Ինչ-որ բանի հասնելու համար ժամանակ և ցանկություն է պետք: Կրթական այս ծրագրին մասնակցելու ընթացքում հասկացել եմ, որ պետք է չվախենալ սխալվելուց և գնալ երազանքների իրականացման ճանապարհով: Եթե հաջողեմ, արվեստանոց կբացեմ և արտերկրից ներկրելու փոխարեն հայկական արտադրության ավելի մատչելի և գունեղ՝ ոչ սննդային ջնարակներ կպատրաստեմ», - ասում է Աննա Ծատրյանը:
«Մեկնարկի՛ր» ծրագիրն իրականացվում է երկու փուլով՝ «Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի և Մեդիամաքսի կողմից՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ: Այն կարևոր հարթակ է ստարտափ ստեղծող երիտասարդների համար: Հաջողակ ընկերությունների փորձը և մենթորների հետ աշխատարաններին մասնակցությունը երիտասարդներին օգնում են գնահատել ծրագիր սկսելու հավանականությունը: Կրթական ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև մրցույթ: Աշխատարաններում մշակված և մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված ստարտափ նախագծերը կարժանանան խրախուսական դրամական պարգևների:
Ծրագիրը հրաշալի հարթակ է երիտասարդների երևակայությունը, ստեղծագործելու ներուժն ու արդյունքի հասնելու ձգտումը զարգացնելու համար: