Նոր գյուղտեխնիկա՝ Արտաբույնք համայնքին - 24 Օգոստոսի 2021 - Հ24
/ Տնտեսական / Նոր գյուղտեխնիկա՝ Արտաբույնք համայնքին

Նոր գյուղտեխնիկա՝ Արտաբույնք համայնքին

24.08.2021   14:00 5710 Տնտեսական

Հարևան գյուղերից տեխնիկա խնդրելու՝ տարիների պրակտիկան Վայոց ձորի մարզի Արտաբույնք համայնքում այլևս չի կիրառվի: Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), «Էկոգյուղերի ցանց» ծրագրի շրջանակում, լուծել են գյուղի խնդիրը: Արտաբույնքում վստահ են, որ ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունքն այլևս չեն կորցնի: Համայնքին նվիրաբերված՝ գործարանային արտադրության «Բելառուս» տրակտորն ու «Տուկան-1600» մոդելի՝ հակավորիչ սարքը, բոլորի հողամասերում կհայտնվեն համակարգված ժամանակացույցով: 

Չնայած խիստ անհրաժեշտությանը, Արտաբույնքի բնակիչները տրակտոր չեն ունեցել: Հարևան գյուղերի աջակցությունից օգտվելու համար ստիպված են եղել հարմարվել ժամանակի կորստի և լրացուցիչ ծախսեր անելու անհրաժեշտության հետ: Հիմա արդեն վստահ են՝ հնձված խոտն արևի տակ շատ երկար չի մնա, քամուց էլ չի քշվի: Պատրաստ են իրար թև-թիկունք լինել և աշխատել: 

«Գյուղում ապրելու ձգտում կա, բայց եղած խնդիրները երբեմն պատճառ են դառնում, որ մարդիկ ընտրեն օտար երկրում աշխատելու ճանապարհը: Այդ ամենը կանխելու համար նաև՝ գյուղացուն ձեռք մեկնելը, աջակցելը շատ կարևոր է: Տարիներ շարունակ, բերքահավաքի ժամանակ լուրջ խնդիրներ ենք ունեցել: Վստահաբար կարելի է ասել. որ մեր հոգսերն արդեն կթեթևանան», - ասել է վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը:

Գործընկեր կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), ձգտում են պայմաններ ապահովելով՝ նպաստել մարզերի զարգացմանը: Կա այն վստահությունը, որ ապրուստը հոգալու միջոցներ և կենցաղավարության նվազագույն պայմաններ ապահովելու դեպքում, հնարավոր կլինի նպաստել գյուղական համայնքների զարգացմանը:

«Հողի մշակ լինելը բարդ, բայց  պատվաբեր գործ է։ Աշխատավոր մարդը լավ գիտի հողի արժեքը։ Մեր նպատակը հեռավոր գյուղերում  այդ պատասխանատու գործն անող մարդկանց աջակցելն է: Փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում իրականացնել տարբեր ծրագրեր: Համոզված ենք, որ այս աջակցությունը նույնքան կարևոր է, որքան հեռավոր մարզերում ենթակառուցվածքների զարգացումը: Այսուհետ դուք հնարավորություն կունենաք ձեր առօրյա աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու և ստանալու առավելագույնը: Ամուր թելերով կապված մնացեք ձեր գյուղին և ամեն օր, ձեր աշխատանքով շենացրեք այն»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:  

Արտաբույնքում գյուղատնտեսական աշխատանքներն ընթացքի մեջ են: Գյուղացուն օգնության հասած տեխնիկան ոչ միայն նոր է, այլև շահագործման առումով՝ հեշտ կառավարելի:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0