Սահմանապահ գյուղում կառուցված տուն՝ գնդակոծված ավերակի փոխարեն - 30 Օգոստոսի 2022 - Հ24
/ Տնտեսական / Սահմանապահ գյուղում կառուցված տուն՝ գնդակոծված ավերակի փոխարեն

Սահմանապահ գյուղում կառուցված տուն՝ գնդակոծված ավերակի փոխարեն

30.08.2022   12:00 10374 Տնտեսական

Տավուշի սահմանապահ գյուղերից մեկում՝ Ներքին Կարմիրաղբյուրում ապրող Փարսյանները, շուրջ երեսուն տարի տուն կառուցելու խնդիր են ունեցել: Դժվարություններն անցյալում են մնացել միայն վերջերս. ընտանիքում արդեն թոռներ են մեծանում: Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, ընտանիքի երրորդ սերնդի համար նոր իրականություն է ստեղծվել:

Փարսյանները դառնությամբ են հիշում ապրած տարիները: Արցախյան առաջին ազատամարտի տարիներին՝ 1993 թվականին, հակառակորդի արձակած արկը տան կտուրից ընկել է ննջասենյակ և ամբողջովին փոխել ընտանիքի կյանքը:

«Միանգամից կրակեցին գյուղի վրա: Մենք էլ հարևան գյուղի մոտ՝ դաշտում, աշխատում էինք: Փախանք, թաքնվեցիք: Այդ ընթացքում լսեցինք, որ մեր տների ուղղությամբ կրակել են: Հեռվից նայեցինք, տեսանք ծուխ… Խաղաղվեց, եկանք, տեսանք գնդակոծել են, արկն էլ տանիքով մտել է ննջասենյակ: Ամբողջ տունն ավերակ էր, ապրելու ենթակա չէր: Երեխաներս փոքր էին, ահավոր վիճակ էր: Տեղափոխվեցինք սար: Երեխաներս մեծացել են սարում», - պատմում է երկար տարիներ երազանքը սրտում ապրած տանտիրուհին՝ Հասմիկ Ղևոնդյանը:

Երեսուներկուամյա Արտակն իր մանկության տնից հիշում է միայն երկրորդ հարկում գնդակոծված առաստաղը և պահպանված առաջին հարկը: Առանձնապես լուսավոր չեն նաև երիտասարդության տարիների հուշերը. գնդակոծված տունը կառուցելու ապարդյուն փորձ և երկու անգամ ընդհատված երազանք՝ երկուսն էլ պատերազմի պատճառով:
 
«Երկու անգամվա պատճառը եղել է պատերազմը: Մի անգամ փորձել ենք կառուցել, սկսվել է հուլիսյան պատերազմը, որը խանգարել է, երկորդ անգամ՝ 44-օրյա պատերազմն է խանգարել: Մենք մեր ուժերով չէինք կարող այսքանը միանգամից կառուցել», - ասել է տան զավակը՝ Արտակ Փարսյանը:

Փարսյանների գնդակոծված տունը վերջապես կառուցվել է: Ննջասենյակի տեղում այժմ հյուրասենյակն է: Ննջասենյակի լուսավորության հարցն էլ լուծվել է այնպես, որ դեպի սահման նայող պատուհաններ չլինեն: Տանտերերը գիտակցում են, որ իրական վտանգի դեպքում դա էական դեր չի կարող ունենալ, սակայն կարևոր են համարում զգուշավորությունը:

Հայրենի գյուղը շեն պահելը կարևոր նպատակ է Արտակի համար: Նա վստահ է, որ համագյուղացի ընկերները նույն ոգով են ապրում՝ կարևոր համարելով խաղաղությունը:

Գործընկեր կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության արդյունքը Տավուշի մարզում էական է եղել. միայն նախորդ տարվա գործակցության արդյունքը զգացել է 19, իսկ տասը տարվա ընթացքում՝ 86 ընտանիք: Փարսյանների ընտանիքն այդ ցանկում է: Համագործակցող կազմակերպությունների շնորհիվ, բնակարանաշինության ծրագրի շրջանակում, Հայաստանի բոլոր մարզերում կարևոր խնդիր է հաղթահարել մոտ 400 ընտանիք:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0