Մուտք / Գրանցում
03.12.2024, 21:32
-->
Սուրբծննդյան կարկանդակ
Ներկայացնում ենք ավանդական պորտուգալական սուբծննդյան կարկանդակը՝ թագի տեսքով և ձևավորված չրերով: Պորտուգալացիները կարկանդակի մեջ լոբու հատիկ են պահում: Ով գտնի այն, հաջորդ տարի ինքն է կարկանդակը թխելու:
Կարկանդակը սկսեք պատրաստել մատուցելուց 5 ժամ առաջ:
Բաղադրիչները
- 500 գ ալյուր
- 25 գ թարմ խմորիչ
- 2 ձու
- 100 գ կարագ
- 2 նարինջ
- 100 մլ կաթ
- 70 գ շաքարավազ
- 30 գ ընկույզ
- 30 գ մայրու ծառի ընկույզ
- 70 գ չամիչ
- 50 գ նարնջի չորացրած կեղև
- 150 գ չիր
- կես ճ.գ. աղ
- շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
- Կարագն ու ձուն մի քանի ժամով թողեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
- Նարինջը լվացեք, հեռացրեք կեղևը, քամեք հյութը:
- Խմորիչն ու շաքարավազը խառնեք մեծ թասի մեջ, ավելացրեք տաք կաթը (38-40 աստիճան ցելսիուս), աղը, նախապես հարած ձուն, կարագը, նարնջի կեղևն ու նարնջի հյութը: Խառնեք:
- Ավելացրեք ալյուրը, խառնեք փայտից գդալով, ապա հունցեք խմորը: Թասը ծածկեք կտորով, 2 ժամ թողեք տաք տեղում, թող բարձրանա:
- Մինչ խմորը բարձրանում է, կտրատեք ընկույզն ու նարնջի չորացրած կեղևը: Կտրատեք նաև չրերը:
- Բարձրացած խմորը մի քիչ էլ հունցեք, ավելացրեք ընկույզը, չորացրած կեղևն ու չամիչը: Շրջանաձև տապակը պատեք կարագով, մեջտեղում փոքրիկ անցք թողեք, ալյուր ցանեք տապակին ու լցրեք խմորը:
- Խմորի վրա լցրեք չրերը, սեղմեք-մտցրեք դրանք խմորի մեջ, 45 րոպեով դրեք տաք տեղում:
- Ապա տապակը տեղադրեք 170 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցի մեջ: Թողեք ջեռոցում 45 րոպե: Հանեք ջեռոցից, թողեք ցանցի վրա, որ հովանա, մոտավորապես 1 ժամ, վրան շաքարի փոշի ցանեք, մատուցեք:
Խորհուրդ: Կարկանդակի մեջ կարող եք ցանկացած մրգի չիր և նույնիսկ շոկոլադի փոքրիկ կտորներ օգտագործել: Չմոռանաք թաքցնել լոբու հատիկը, որպեսզի հյուրասիրությունը գրավիչ խաղի վերածեք: