«Մեկնարկի՛ր» ծրագրի 12 մասնակից կբացահայտի ստարտափ էկոհամակարգը - 22 Դեկտեմբերի 2023 - Հ24
/ Տնտեսական / «Մեկնարկի՛ր» ծրագրի 12 մասնակից կբացահայտի ստարտափ էկոհամակարգը

«Մեկնարկի՛ր» ծրագրի 12 մասնակից կբացահայտի ստարտափ էկոհամակարգը

22.12.2023   16:04 437 Տնտեսական

«Մեկնարկի՛ր» կրթական ծրագրով 12 դպրոցական հիմնարար գիտելիքներ կստանա ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ և կուսումնասիրի հաջողակ ստարտափ ընկերությունների փորձը:

«Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն և Մեդիամաքսը Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ հայտարարել են «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի մասին։

«Առհասարակ, զարգացման լոկոմոտիվը երիտասարդությունն է: Նրանց երևակայությունը, ստեղծագործելու ներուժն ու արդյունքի հասնելու ձգտումը թույլ են տալիս առաջընթաց արձանագրել այնտեղ, որտեղ թվում է՝ ամեն ինչ ասված է: Մեզ՝ առաջատարի փորձ կուտակած ընկերություններիս, մնում է նպաստել այդ միջավայրի ձևավորմանն ու խթանմանը: Վիվա-ՄՏՍ-ի համար սա սկզբունքային մոտեցում է: Խելացի լուծումների դարաշրջանը նոր ու կարևոր մարտահրավեր է, իսկ ժամանակին համահունչ լինելը՝ անխուսափելի: Ողջունում եմ ծրագրի մասնակիցներին՝ ակնկալելով բուռն քննարկում, նոր մտքեր և նախագծերի իրականացում»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Երկու փուլով իրականացվող ծրագիրը մասնակիցներին հնարավորություն կտա շփվել տարիների հարուստ փորձ կուտակած և Հայաստանում զգալի հաջողություն արձանագրած   ընկերությունների և հիմնադրամների ղեկավարների հետ: Դրան կհաջորդի մենթորների ղեկավարությամբ աշխատարաններին մասնակցությունը: Արդյունքում երիտասարդները բազային գիտելիքներ կստանան ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ: Փոքրիկ խմբերում ներգրավված մասնակիցները կներկայացնեն իրենց մտքերն ու առաջարկությունները, կքննարկեն դրանք և կկարողանան գնահատել ծրագիր սկսելու հավանականությունը:

«Ծրագրի նպատակն է աջակցել ավագ դպրոցի աշակերտներին, որոնք ստարտափ հիմնելու գաղափարներ և ներուժ ունեն։ Այս ծրագրի ընթացքում նրանք կկարողանան պատկերացում կազմել հաջողված ստարտափ հիմնելու մասին և ապագայում խուսափել ամենատարածված սխալներից։ Երիտասարդները մեծ ներուժ ունեն, և նրանց ապագայի մեջ ներդրումը իսկապես կարևոր է մեր երկրի համար»,- ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադևոսյանը։

Աշխատարաններում մշակված և մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված ստարտափ նախագծերը կարժանանան խրախուսական դրամական պարգևի: Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 1 000 000 դրամ։ Ծրագիրն ավարտվելու է 2024թ.-ի ամռանը:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 3
    Հյուրեր. 3
    Անդամներ. 0