Թիրախային աջակցություն՝ անհատական օգնականների միջոցով
Վիվա-ՄՏՍ-ի և ՍՈՐՍ հիմնադրամի գործընկերությունը շարունակում է դրական արդյունք արձանագրել
Վիվա-ՄՏՍ-ի և ՍՈՐՍ հիմնադրամի համագործակցության արդյունքում, հատուկ խնամքի անհրաժեշտություն ունեցող երեխաների մոտ արձանագրվում է դրական տեղաշարժ. բարելավվում է նրանց և ընտանիքների կյանքի որակը, թեթևանում է խնամող ծնողի հոգսաշատ առօրյան: Որոշ երեխաների մոտ ակնառու է մտավոր ու ֆիզիկական զարգացման դինամիկա, անձնական օգնականի ուղղորդմամբ հնարավոր է դառնում նրանց ինտեգրումը ներառական կրթության ու սոցիալացման գործընթացում: Անհատական օգնականների աջակցության շնորհիվ ընտանիքում կարողանում են նաև լուծել բազմաթիվ հարցեր՝ առողջական, կրթական, աշխատանքային, հասցնում են ժամանակ տրամադրել ընտանիքի մյուս անդամներին և փոքր ինչ հանգստանալ:
2016թ.-ից իրականացվող՝ «Անհատական-օգնականներ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» ծրագիրը վերջին երկու տարիներին ընդլայնել է աշխարհագրությունը՝ ներառելով նաև Հայաստանի տարբեր մարզերի շահառուների:
Վանաձորցի տասներկուամյա Հայկը, որի մոտ ախտորոշված է ՄՈՒԿ (մանկական ուղեղային կաթված), հենաշարժողական խնդիր ունի: Հայկի խնամքը պահանջում է վերականգնողական չընդհատվող բուժում և հմտությունների զարգացման առօրյա աշխատանք: Եթե տարիներ առաջ այդ ծառայությունները հասանելի էին միայն Երևանում, ապա այժմ խնամքի և զարգացման աշխատանքն անհատական օգնականի աջակցությամբ կազմակերպվում է նաև մարզերում: Ծրագիրը շարունակում է պահանջված մնալ ոչ միայն միջին և ծանր հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի, զարգացման ու սոցիալացման, այլև նրանց ընտանիքներին աջակցության առումով:
Վիվա-ՄՏՍ-ի և ՍՈՐՍ հիմնադրամի գործակցության շրջանակներում, Հայկը նոր ուսումնական տարին առավել հանգիստ և առանց լարվածության է դիմավորել: Վիրահատված մայրն արդեն կազդուրվել է և կարող է օգնել որդուն: Ընտանիքի համար բարդ ժամանակահատվածում, Հայկին օգնել է անհատական օգնականը՝ երիտասարդ Արգամը: Նա իր աջակցությունը չի սահմանափակել մասնագիտական տիրույթում: Ձևավորված մթնոլորտի շնորհիվ՝ Հայկը ոչ միայն աջակցող մասնագետ, այլև ընկեր է ձեռք բերել:
«Ուրախ եմ, որ անցած ամիսների ընթացքում կարողացանք նաև մարզերում աշխատատեղ ստեղծել: Առաջին անգամ արական սեռի թյութոր-մասնագետ ունեցանք, որը փայլուն կատարեց իր աշխատանքը: Սա հրաշալի նախադեպ է և օրինակ՝ բոլորիս համար: Հաջողված ընթացքի համար կարևոր է եղել մեր գլխավոր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ի դերը ոչ միայն ծրագրի իրականացման, այլև՝ տեխնիկական աջակցություն դրսևորելու առումով: Մարզերում անհատական աշխատանքային պլանների մշակումը և վերահսկողությունն իրականացվում է օնլայն ձևաչափով` Երևանում գտնվող փորձագետների աջակցությամբ: Դա հնարավորություն է տալիս անգամ հեռավոր բնակավայրերում գտնվելով՝ ներգրավվել մայրաքաղաքում ծավալվող աշխատանքներում և ստանալ մասնագիտական մեծ աջակցություն: Օգտվել ենք ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունից. տեսազանգ, կոնֆերանս քննարկումներ և այլն»,- ասել է ՍՈՐՍ հիմնադրամի հիմնադիր տնօրեն Մարինա Պարազյանը:
Հայկը հմտությունների զարգացմանն ուղղված վարժություններն անցել է իր համար ծրագրի փորձագետների կողմից մշակված անհատական պլանով: Մասնագետն աշխատել է հստակ ցուցումով՝ մանր մոտորիկայի, ինքնուրույնության, սոցիալացման ու ինքնաճանաչողության ուղղությամբ: Երեխան սիրում է շախմատ խաղալ, հետաքրքրաշարժ խաղերով զբաղվել, իսկ առարկաներից նախընտրում է մաթեմատիկան: Տուն-դպրոց-տուն ժամանակացույցից բացի, Հայկը մասնագետի ուղեկցությամբ նաև սպորտային դահլիճ է այցելել:
Թե երևանյան կուրսերից, թե Վանաձորում իրականացվող ծրագրի արդյունավետությունը գնահատում է մայրը՝ Լիլիթ Մխիթարյանը:
«Բավականին մեծ տարբերություն ունենք: Գալիս ենք դրական դինամիկայի: Ե՛վ խոսքի մեջ է զգացվում, և՛ վարքի, և՝ ֆիզիկականի: Արդեն հասել ենք քայլելուն. ինքնուրույն քայլեր է անում: Վերջին տարիներին ակտիվ մասնակցել ենք հիմնադրամի տարբեր ծրագրերին՝ ՍՈՐՍ տնակ զարգացման կենտրոն ենք հաճախել, որտեղ Հայկը զարգացման և վերականգնողական պարապմունքներին է մասնակցել: Իսկ ես աշխատանքային հմտություններ ու գիտելիք եմ ստացել ՍՈՐՍ-ի կարի արտադրամասում: Այս տարի ծրագրում եմ սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվել: Այս հարցում ևս անգնահատելի է անհատական օգնականի դերը: Նրանք դառնում են ավագ ընկեր մեր երեխաների համար»,- ասել է Լիլիթը:
Հայկն այս տարի ևս ընդգրկվել է ծրագրում, սակայն նրա հետ աշխատելու է այլ անհատական օգնական: Արգամը հրաժեշտ է տվել փոքրիկին, սակայն միայն ծրագրի շրջանակում: