Traction» ծրագիրը ներկայացրել է իր 8 շրջանավարտ-ընկերություններին առցանց Դեմո Օրվա ընթացքում - 13 Փետրվարի 2022 - Հ24
/ Տնտեսական / Traction» ծրագիրը ներկայացրել է իր 8 շրջանավարտ-ընկերություններին առցանց Դեմո Օրվա ընթացքում

Traction» ծրագիրը ներկայացրել է իր 8 շրջանավարտ-ընկերություններին առցանց Դեմո Օրվա ընթացքում

13.02.2022   12:00 14642 Տնտեսական

Եվրոպական միությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (German Development Cooperation-GIZ) և Վիվա-ՄՏՍ-ը համախմբել են ուժերը Քաթըլիսթ հիմնադրամի հետ՝ աջակցելու Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի «Traction» ծրագրի երկրորդ շրջանին

Հայաստանի Ստարտափ Ակադեմիան անցկացրեց առցանց Դեմո Օր՝ ներկայացնելու իր «Traction» ծրագրի երկրորդ շրջանի 8 շրջանավարտ-ընկերություններին: Մասնակից տեխնոլոգիական ընկերությունները ներկայացրին իրենց նորարարական լուծումները կրթական, ֆինանսական, մեդիա, տեղեկատվական անվտանգության, դեղագործության և առողջապահության ոլորտներում: 

Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի «Traction» ծրագիրը ինտենսիվ մենթորության վրա հիմնված ծրագիր է, որը նախատեսված է օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ արդյունքներ գրանցած ընկերություններին արագացնել իրենց աճը՝ աջակցություն տրամադրելով վաճառքի խթանման (Sales Enablement), աճի հաքինգի (Growth Hacking) և ներդրումների ներգրավման (Fundraising) համար: Ծրագիրն իրականացվել է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։

Ծրագրի 12-շաբաթյա ժամանակահատվածում ստարտափները սերտորեն համագործակցել են ոլորտի մասնագետների հետ, ովքեր օգնել են նրանց հասնել նախապես սահմանված նպատակներին: Մենթորների հետ հանդիպումների արդյունքում ընկերությունները կարողացել են բարելավել վաճառքի, աճի հաքինգի և շուկայավարման ռազմավարությունները և գործընթացները, արժեքավոր կապեր հաստատել ներդրողների և ոլորտի փորձագետների հետ, կապվել պոտենցիալ հաճախորդների հետ, և այլն: Ինտենսիվ մենթորության արդյունքում ստարտափները ունեցել են մի քանի նշանակալի ձեռքբերումներ, որոնց թվում՝ ընդունելություն միջազգային աքսելերացիոն ծրագրեր, պրոդուկտների կատարելագործված տարբերակների թողարկումներ, ներդրումների ներգրավում, օգտատերերի բազայի զգալի աճ,  100 հազար եվրո եկամտի նշագիծ անցնելը, որպես օրվա և շաբաթվա թիվ մեկ արտադրանք ճանաչվելը Product Hunt հարթակում: 5 ընկերություններ նաև հնարավորություն են ստացել արժանանալու ԵՄ-ի դրամաշնորհին` մինչև 50 հազար եվրոյի չափով:

Միջոցառումը ուղիղ հեռարձակվել է Hero House-ի յութուբյան ալիքով: Դեմո Օրվա բացումը և ծրագրի համառոտ նկարագիրը ներկայացրել է Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի ծրագրերի ղեկավար Աննա Թանթուշյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը, «Նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն և Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ֆրենկ Հեսն ընդգծել է ստարտափների կարևորությունը փոքր տնտեսությունների տնտեսական հաջողության մեջ. «Ձեր աշխատանքով Հայաստանը կարող է վերածվել նորարարության աշխարհի առաջատար կենտրոններից մեկի»։

«Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի «Traction» ծրագրի երկրորդ շրջանի Դեմո Օրը մեզ հավաքում է այստեղ՝ տեսնելու հայ ձեռներեցների հերթական հաջողության պատմությունը», - ասաց Վիլհելմ Հյուգոն։

Ռալֆ Յիրիկյանը նշել է. «Արդեն երկու տարի է, ինչ Վիվա-ՄՏՍ-ը միացել է այս նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից, և ես կցանկանայի, որ այս ծրագիրն օգնի բացահայտելու ավելի շատ տաղանդներ և ճանապարհ հարթի դեպի աճ և նորարարություն՝ մեր երկրում և նրա սահմաններից դուրս»:

Ողջույնի խոսքերին հաջորդեցին առաջին շրջանի շրջանավարտների ելույթները, որոնք ներկայացրեցին իրենց ընկերությունները և նորագույն ձեռքբերումները: Իր ելույթի ընթացքում «Pinsight»-ի հիմնադիր Հրանտ Դավթյանը նշել է․ «Ծրագիրը մեզ օգնեց առևտրայնացնել գիտությունը և փաթեթավորել մեր տեխնոլոգիան որպես վերջնական օգտագործողների կարիքները լավագույնս բավարարող արտադրանք»:

Հաջորդիվ, շրջանավարտ Մուշեղ Գևորգյանը ներկայացրեց «Dowork.ai»-ը և նոր ձեռքբերումների հետ մեկտեղ նաև կիսվեց հետագա քայլերով։ 2021 թվականից ի վեր նրանք ներգրավել են 1500 օգտատերեր, ձեռք են բերել 50 վճարող բետա հաճախորդներ, դարձել են օրվա թիվ մեկ արտադրանքը Product Hunt հարթակում և ներգրավել են նախասաղմնային փուլի ներդրումներ։

Առցանց Դեմո Օրվանից հետո երկրորդ շրջանի հիմնադիրները նույնպես կիսվել են ծրագրի վերաբերյալ իրենց կարծիքով։

«Traction» ծրագիրն օգնեց մեզ կայանալ որպես միջազգային ընկերություն՝ միաժամանակ տրամադրելով մեր թիմին ներդրումների ներգրավման հնարավորություններ: Այժմ մենք պատրաստ ենք լիովին աջակցել մեր հաճախորդներին ԱՄՆ-ում և Եվրոպայում»,- ասել է Modicus Prime-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Թեյլոր Չարտիերը:

«Մեր մասնակցությունը «Traction» ծրագրին մեծ հնարավորություն էր «Uteach»-ի համար։ Մենք աշխատեցինք լավագույն մենթորների հետ, ստացանք օգտակար գիտելիքներ, դարձանք օրվա և շաբաթվա թիվ 1 պրոդուկտը Product Hunt հարթակում և ունեցանք շատ այլ ձեռքբերումներ: Սա մինչ այժմ մեր լավագույն փորձերից մեկն է»,- ասաց Uteach-ի համահիմնադիր Շուշանիկ Շահբազյանը:

«Traction» ծրագրի մենթորները անհատականացված մոտեցում են ցուցաբերել մեր ընկերությանը և օգնել հասկանալ աճի լավագույն ուղիները։ Եվ դրա համար մենք շնորհակալ ենք»,- ասել է EditMentor-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Միշա Տենենբաումը:

Bootcamp ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Նարեկ Ասլիկյանը նշել է․ «Ծրագիրը հսկայական ազդեցություն է ունեցել մեր պրոդուկտի ռազմավարության վրա։ Ակադեմիայի թիմի և մենթորների հետ աշխատանքի արդյունքում կարողացանք բարելավել փիչինգի հմտությունները, ինչպես նաև գիտելիքներ ձեռք բերել աճի հաքինգի և շուկա ներթափանցման ռազմավարությունների մասին»:

Երկրորդ շրջանի ընկերություններ.

  • Modicus Prime-ը ստեղծում է տվյալների մշակման ինքնասպասարկվող ծրագրակազմ` կենսատեխնոլոգիական հետազոտությունների և արտադրության գործընթացի արդյունավետ վերահսկողությունն ապահովելու համար: 
  • Toxometris.ai-ը արհեստական բանականության վրա հիմնված՝ քիմիական նյութերի անվտանգության գնահատման լուծում է, որը կիրառում է հիբրիդային թեստավորման մոդելներ՝ ԱԲ (in silico) և կենսաբանական (in vitro, in vivo) մոտեցումների եզակի համակցությամբ։
  • Bransfer ընկերությունը ստեղծել է «Layerswap» հարթակը, որը թույլ է տալիս կրիպտոարժույթները արագ և մատչելի փոխանցել կենտրոնացված փոխանակման հարթակներից (CEX) բլոկչեյնի երկրորդ շերտի հարթակներ՝ այդպիսով պարզեցնելով օգտատերերի անցումը 2-րդ շերտին:
  • Buildern-ը օգնում է փոքր շինարարական ընկերություններին բարձրացնել արդյունավետությունը՝ տրամադրելով ծրագրակազմ ֆինանսները արդյունավետ կառավարելու, աշխատապրոցեսները ավելի ճկուն պլանավորելու և ավտոմատացնելու համար։
  • Stingle Photos-ը նկարների և տեսանյութերի անվտանգ պահպանման հավելված է
  • EditMentor-ը տեսանյութերի խմբագրման հմտություններ ուսուցանող վեբ հավելված է, որը փոխակերպում է վիդեո կրթությունը ուսանողների և ինքնուսույցների համար՝ դարձնելով այն ինտերակտիվ և արդյունավետ։
  • Bootcamp գործատուների համար հարթակ որպես ծառայություն է (SaaS) վիրտուալ պրակտիկաների կազմակերպման համար՝ լավագույն թեկնածուներին մշտական հասանելիությամբ: 

Uteach-ը րոպեների ընթացքում դասավանդման պրոֆեսիոնալ կայք ստեղծելու և օնլայն դպրոց բացելու հարթակ է։

Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի թիմը ուրախ է ողջունել շրջանավարտ ընկերություններին իր ձեռներեցների համայնք:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0