Վիվա-ՄՏՍ. կանաչ տեխնոլոգիա՝ Գոմքում - 26 Հունիսի 2024 - Հ24
/ Տնտեսական / Վիվա-ՄՏՍ. կանաչ տեխնոլոգիա՝ Գոմքում

Վիվա-ՄՏՍ. կանաչ տեխնոլոգիա՝ Գոմքում

26.06.2024   18:19 553 Տնտեսական

Վայոց ձորի մարզում վերջին տարիներին կարևոր է դարձել մարդ-վայրի բնություն համակեցության թեման: Կա խնդիր. պահպանել գյուղացիական տնտեսությունները՝ չվնասելով բնությունը: Ֆերմերները տեղեկացնում են, որ մեղվափեթակներ և այգիներ վնասող արջերը հետախույզին հատուկ հմտություններ են դրսևորում. շատ արագ «բացահայտում են» մարդկանց ստեղծած խոչընդոտներն ու հաղթահարում դրանք՝ զգալի վնաս հասցնելով տնտեսություններին: Գոմք գյուղում մեղվաբուծությամբ զբաղվող ֆերմեր Վահե Խաչատրյանն իր տնտեսությունը պահպանելու համար բազմաթիվ հնարքների է դիմել. տեղորոշել է արջի՝ իր այգի բերող արահետը, կենդանու մոտենալն ազդարարող զգայուն սարքեր է տեղադրել, սակայն այդ լուծումները ժամանակավոր և ոչ արդյունավետ են եղել:

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ֆերմերներին աջակցելու արդյունավետ լուծում են ընտրել. գործի են դրել ժամանակակից կանաչ տեխնոլոգիաները: Արևային էներգիայով սնուցվող էլեկտրական ցանկապատման համակարգերն անվնաս են կենդանիների համար և անփոխարինելի՝ տնտեսությունը զարգացնելու հարցում: Վերջերս Վայոց ձորի մարզին տրամադրված քսան համակարգից հինգը հատկացվել է Վայք համայնքին, որից օգտվելու է նաև Վահե Խաչատրյանը:

«95 հատ փեթակ ունեմ: Այս տարի արջն սկսեց գյուղ գալ ավելի շուտ՝ գարնանը: Սովորաբար աշնանն էր գալիս: Եթե «էլեկտրական հովիվը» չլիներ, մինչև աշուն շատ վնաս կկրեի. փեթակներից բան չէր մնա: Համակարգը տեղադրելուց հետո ավելի հանգիստ եմ: Շատ լավ է, որ կան գյուղացուն աջակցող կազմակերպություններ, որ օգնում են պահպանել տնտեսությունը: Մենք էլ զարգացնում ենք մեղվաբուծությունը: Ե՛վ մեզ համար է լավ, և՛ քաղաքացու. մաքուր մեղր ենք արտադրում»,-ասել է ֆերմեր Վահե Խաչատրյանը:

Կանաչ տեխնոլոգիաները մարդկությանն ու բնությանը ծառայեցնելը, ինչպես նաև էկոգյուղերի ցանց ստեղծելը 2019 թվականից ռազմավարական մոտեցում է դարձել Վիվա-ՄՏՍ-ի համար: Գործընկեր կազմակերպության՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ ձգտել են արևային էներգիայով աշխատող ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով նպաստել կայուն զարգացմանը, կրճատել բնապահպանական ռիսկերը, զարգացնել ֆերմերային տնտեսությունները: Կանաչ մոտեցման արդյունքում տարիների ընթացքում ֆերմերներին է տրամադրվել 50 «էլեկտրական հովիվ»: Դրանցով ցանկապատված տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 475 000 քառակուսի մետր:

Էլեկտրական ցանկապատն աշխատում է բարձր լարմամբ, սակայն հոսանքի ցածր ուժով (ամպերաժով): Կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, բայց տհաճություն զգալով՝ դադարում են մոտենալ ցանկապատված տարածքներին:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 5
    Հյուրեր. 5
    Անդամներ. 0